Պետք է ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին: Դրանից ժամեր անց ԱՄՆ Սենատում ընդունվեց համապատասխան իրավական ակտ, ընդ որում միաձայն՝ առ այն, որ 907-րդ բանաձևը չի կարող շրջանցվել նախագահի կողմից մինչ 2025թ. և Բաքուն այլևս անվտանգային օգնություն չի ստանալու Վաշինգտոնից:
Իհարկե այդ օգնությունը Ադրբեջանին տրամադրվում էր ոչ թե Հայաստանի և Արցախի դեմ, այլ Իրանի դեմ՝ մասնավորապես Կասպից ծովի սահմանի անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի համար: Իրականում քիչ թիվ են կազմում այն ապացույցները, որ ադրբեջանցիներն այդ օգնությունն օգտագործել են Հայաստանի դեմ, ինչի իրավունքը Ադրբեջանը չուներ: Սակայն ակնհայտ է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնից ստանալով Բաքուն ունենում էր սեփական ազատ ֆինանսական միջոցներ, որոնք բնականաբար օգտագործում էր այլ ուղղություններով:
Ադրբեջանի մասով վարչակազմի և Կոնգրեսի միջև սկզբունքային հակասություններ չկան, սակայն այս իրավիճակը երկար չի տևի և այս ընթացքում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար: Այս ուղղությամբ հայ համայնքն ու կազմակերպությունները շատ ակտիվ աշխատում են»: