Կառավարությունը լուծարում է «Ակադեմիկոս Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը

Կառավարությունը լուծարում է «Ակադեմիկոս Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը

Կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի՝  ԱՆ ենթակայությամբ գործող  «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն  լուծարելու մասին որոշման նախագիծը: նշվում է, որ լուծարման   անհրաժեշտությունը պայմանավորված է «Դեղերի մասին» օրենքի պահանջներից:

« «Դեղերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում: Սույն լիազորությունը Առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է Առողջապահության նախարարության ենթակայության «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: Թեև ընկերությունը հանդիսանում է 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն, այդուհանդերձ որպես առևտրային կազմակերպություն, հետապնդում է շահույթ ստանալու նպատակ:  Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը Առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել, և հիմադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-ասվում է հիմնավորման մեջ: