ԶՊՄԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է․ Դատական համակարգը ենթադրյալ «կոռուպցիայից մաքրող» իշխանությունների օրոք շարունակվում է յուրային դատավորների հովանավորումը, չի պարզաբանվում անգամ վերջիններիս եկամուտի աղբյուրը։
Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը 2021թ և 2022թ տարեկան հայտարարագրերում նշել է խոշոր չափի կանխիկ գումար։ Ըստ 2022թ․ տարեկան հայտարարագրի՝ դատավորն ունեցել է մոտ 26 մլն դրամի չափով եկամուտ, բանկային հաշիվներում եղել է 685 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 106 հազար ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազար եվրո։ Գրեթե նույնքան կանխիկ գումար դատավորը հայտարարագրել էր նաև 2021թ՝ 100 հազար 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազար դրամ և 15 հազար 100 եվրո։ 2021թ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 187 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Սա արձանագրել էր «Հետքը»՝ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում։
Հատկանշական է, որ մինչ դատավոր նշանակվելը Աշոտ Հովհաննիսյանը տարիներ շարունակ եղել է դատավորի օգնական, ապա՝ բանկերից մեկում կարճ ժամանակով աշխատել է որպես իրավախորհրդատու։ Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչպես է այդ պաշտոններում դատավորին հաջողվել այդքան կանխիկ գումար կուտակել։ Նշենք, որ դատավորի կինը եւս գործարար չէ, պետական համակարգի, մասնավորապես ՃՈ աշխատակից է, վերջինս ևս խոշոր չափի կանխիկ գումար է հայտարարագրել՝ 17 մլն դրամի և 60․300 ԱՄՆ դոլարի չափով։
«Փաստինֆո»-ն ԲԴԽ-ի միջոցով փորձեց մեկնաբանություն ստանալ,թե արդյոք պարզել են կանխիկ գումարի ծագման աղբյուրը։
«Դատավորը նշանակման ընթացքում բարեվարքության ստուգում անցել է, հայտարարագրում էլ բոլոր գույքերի ծագման հիմնավորումը տրված է, ավելիացնելու բան չունենք»,- փոխանցեցին ԲԴԽ-ից։ Նկատենք, որ հայտարարագրում կանխիկ գումարի ծագման մասին տվյալներ իրականում չկան։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, պատասխան ստանալու դեպքում այն ևս կհրապարակվի։
Ի դեպ, դատավոր Աշոտ Հովհաննիսյանը այն դատավորներից է, որը իշխանությունների համար հետաքրքրություն ունեցող գործերով կայացնում է իշխանություններին հաճո որոշումներ։ Օրինակ՝ նրա դատական կենսագրության կարեւոր էջերից է մութ գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ում աուդիտ անցկացնելու 12,5 տոկոս բաժնետիրոջ հայցը։
Նշենք, որ նման հայցով բաժնետերը դատարան դիմել էր, որ երբ կասկածելի ու գիշերային գործարքի արդյունքում ԶՄՊԿ-ում փոխվեց հիմնական բաժնետերը ու գործարանի հիմնական սեփականատեր դարձավ կրեմլամերձ միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որն էլ որոշ մասը նվիրեց կառավարությանը։ Ընդ որում՝ այս ամբողջ գործարքն այնքան փնթի է տեղի ունեցել, որ առավելապես ասոցացվում էր պետության միջամտությամբ բիզնես խլելու օպերացիայի հետ, առավել եւս, երբ Տրոցենկոյի, այսպես կոչված, իրավունքների գրանցումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին՝ գիշերով։ 12,5 տոկոսի բաժնետերը՝ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը, պահանջել էր աուդիտ անցկացնել ԶՊՄԿ-ում, բայց ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը դեմ էր, եւ դատարանն էլ, փաստորեն, չէր հանդգնել այլ որոշում կայացնել ու աուդիտ այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենն այսօր ԲԴԽ-ն ԿԿՀ-ն կարծես թե շրջանցում են դատավորի կասկածլի եկամուտների կողքով, թե որն է նրա կանխիկ կանխիկ եկամուտի աղբյուրը։