ՀՀ-ից 6 ամսով կարգելվի ցորենի, հնդկացորենի, արևածաղկի ձեթի արտահանումը

ՀՀ-ից 6 ամսով կարգելվի ցորենի, հնդկացորենի, արևածաղկի ձեթի արտահանումը

ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ:

Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։   

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի      №1055-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2024 թվականի հունվարի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։