Քերոբյանը չգիտի, թե ՀՀ-ից արտահանման որ մասն է գնում ՌԴ․ 168․am
168.am-ը գրում է․ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։
«Էս ի՞նչ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է գնում դեպի Ռուսաստան»,- լրագրողին իբր թե ուղղում է էկոնոմիկայի նախարարը։
Իսկ իրականում ոչ թե ուղղում է, այլ ինքն էլ սխալ թիվ է հնչեցում։ Եթե լրագրողի պարագայում չիմանալն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ, տարօրինակ է, որ էկոնոմիկայի նախարարն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման ո՞ր մասն է գնում այն երկիր, որի հետ ունեցած հարաբերություններով այսօր մեծապես պայմանավորված են մեր տնտեսության մեջ արձանագրվող բարձր աճերը։
Իրականում ռուսական շուկայի բաժինը մեր արտահանման մեջ գերակշռում է մյուս բոլոր երկրներին։ Այն կազմում է արտահանման ոչ թե մոտ 40 տոկոսը, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը, այլ անցնում է 50 տոկոսից։
Այս տարվա 8 ամսում հասել է 51,7 տոկոսի։
Այսինքն՝ Հայաստանից միայն Ռուսաստան ավելի շատ արտահանում է իրականացվել, քան մյուս բոլոր երկրներ միասին վերցրած։
Իհարկե, վերջին ամիսներին վերարտահանումների սահմանափակումների հետևանքով ռուսական շուկայի մատակարարումների աճի տեմպը դանդաղել է. օգոստոսին արտահանումը կազմեց 281 մլն դոլար, այն դեպքում, երբ հուլիսին կազմել էր 347 միլիոն, իսկ հունիսին՝ նույնիսկ 358 միլիոն։ Սրանով հանդերձ, ռուսական շուկայի մատակարարումները շարունակում են բարձր լինել։
Վերջին տվյալներով, այն նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,1 անգամով։
Այս տարի Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ շուրջ 4 մլրդ 459 մլն դոլարի ապրանք, որից 2 մլրդ 304 միլիոնը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Այն մոտենում է ընդհանուր արտահանման 52 տոկոսին։
Սա նշանակում է, որ Հայաստանի արտահանումը խիստ կենտրոնացված է և ուղղակիորեն կախված ռուսական շուկայից։ Դա լուրջ վտանգներ է պարունակում՝ ինչպես արտաքին առևտրի ու արտահանման, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու տնտեսական զարգացումների համար։
Նման առևտրային հարաբերություններ ունենալը խիստ ռիսկային է ցանկացած երկրի պարագայում։
Եթե այնպես ստացվի, որ խնդիրներ առաջանան հայկական արտահանման համար ռուսական շուկայում, արտահանման այսօրվա աճերը միանգամից կփլվեն։
Այստեղից են գալիս այն մտահոգություններ, որոնք կապված են Ռուսաստան-Հայաստան քաղաքական հարաբերությունների վերջին սրացումների հետ։ Եթե դրանք տեղափոխվեն տնտեսական հարթություն, հետևանքները երկար սպասեցնել չեն տա։
Ի տարբերություն Ռուսաստանի, բազմաթիվ այլ, այդ թվում՝ նաև Եվրամիության երկրների հետ, Հայաստանի արտահանման կշիռը նվազել է, երբեմն՝ շատ էական։
Եվրամիության բոլոր երկրներին միասին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ընդամենը 11,6 տոկոսը։ Այս տարի ևս այն շարունակել է կրճատվել։ Անցած տարի դեռ 18,5 տոկոս էր։ Նախկինում հասնում էր ընդհուպ 30-35 տոկոսի։
Մինչ Ռուսաստան արտահանումը Հայաստանից ավելի քան կրկնակի աճել է, Եվրամիության երկրներ, նույնիսկ անվանական արտահայտությամբ նվազել է։
Անցած տարվա ութ ամսում կազմել էր շուրջ 545 մլն դոլար, այս տարի կազմել է 516 միլիոն։
Միայն Ռուսաստան 4,5 անգամ ավելի շատ ապրանք է մատակարարվել Հայաստանից, քան Եվրամիության բոլոր երկրներ միասին վերցրած։
Տնտեսական առումով, ահա թե ինչպիսի նշանակություն ունեն Եվրամիությունն ու Ռուսաստանը Հայաստանի համար։ Իհարկե, ռուսական արտահանումների մեջ բավական մեծ են նաև վերարտահանումները, բայց նույնիսկ դրանք ընդհանրապես հանելու պարագայում, ռուսական շուկայի նշանակությունը շատ չի փոխվի Հայաստանից ապրանքների արտահանման գործում։
Եվրամիությունից դուրս գտնվող երկրներ Հայաստանից արտահանումն այս տարի ավելացել է, բայց էլի ավելի քիչ է եղել, քան միայն Ռուսաստան իրականացված մատակարարումները։ Տարբերությունը հասնում է 800 մլն դոլարի։
Միայն Ռուսաստան արտահանումը կազմել է 2,3 մլրդ դոլար, ԵՄ-ից դուրս այլ երկրներ՝ գրեթե 1,5 միլիարդ։ Ընդ որում, սրանից շուրջ 600 միլիոնը գնացել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախորդ տարվա համեմատ՝ ԱՄԷ մատակարարումները 2,6 անգամով ավելացել են։ Անցած տարվա այս ժամանակահատվածում կազմել էին 229 մլն դոլար։
Թվում է, թե Հայաստանի տնտեսությունը նոր և լավ շուկա է գտել իր համար ԱՄԷ-ում։ Բայց դա էլ կապված է ռուսական շուկայի հետ. այս դեպքում էլ Հայաստանով վերարտահանումներն այլ ուղղությամբ են գնում՝ Ռուսաստանից ԱՄԷ։
Արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում, որքան էլ տարօրինակ է հնչում, Հայաստանի տնտեսությունը կորցրել է ոչ միայն Եվրամիության, այլև ամերիկյան շուկան։
ԱՄՆ բաժինը Հայաստանի արտահանման մեջ նույնիսկ 1 տոկոսի չի հասնում։
Վերջին տվյալներով՝ կազմել է 0,7 տոկոս, նախորդ տարի գոնե 1,8 տոկոս էր։
Այս տարի Միացյալ Նահանգներ Հայաստանից արտահանվել է ընդամենը 31 մլն դոլարի ապրանք՝ 21 միլիոնով ավելի քիչ, քան անցած տարի։
Պարզվում է, Հայաստանի տնտեսությունը մեծ տեմպերով աճում է, բայց ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների շուկաներում մեր արտահանումը կրճատվում է։
Սա տնտեսության զարգացման ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Այդքան խոսում են Հայաստանի համար Իրանի ռազմավարական ու տնտեսական նշանակության մասին, բայց Իրանի հետ էլ ունենք արտահանման վատացում։
Աճերը, որոնք կան արտահանման ոլորտում, առավելապես ռուսական շուկայի հետ են կապված։ Դրանով պայմանավորված՝ կտրուկ ավելացել է արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման կենտրոնացումը՝ մեծացնելով այդ ոլորտից ածանցվող հնարավոր ռիսկերը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, թվում է, թե սա էկոնոմիկայի նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում պիտի լիներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, էկոնոմիկայի նախարարը նույնիսկ չգիտի, թե ռուսական շուկան ինչ տեսակարար կշիռ ունի Հայաստանից արտահանումների մեջ։ Էլ ուր մնաց, թե մտածի դրանից բխող հնարավոր ռիսկերը մեղմելու մասին։