«Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնի սաներն իրենց երաժշտական կատարումները նվիրեցին Կոմիտասին և Թումանյանին
«Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնի փոքրիկ սաները շնորհավորեցին Կոմիտաս վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանները` «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառմանը կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները, հանդիսատեսին ծանոթացնելով Թումանյանի կյանքին ու գործունեությանը:
Միջոցառումն անցկացվեց հունիսի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Տունտունիկ» մանկական զարգացման կենտրոնը կարևորում է իր սաներին հայ երաժշտությանը, գրականությանն ու հայ հեղինակներին ծանոթացնելը: Այդ նպատակով պարբերաբար կազմակերպում է թեմատիկ միջոցառումներ: Այս անգամվա նախաձեռնությունը նվիրված է Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Ելույթ են ունենալու կենտրոնի հինգից վեց տարեկան սաները, որոնք կատարելու են Կոմիտասի ստեղծագործությունները, պատմելու են Թումանյանի մասին»,-նշեց «Տունտունիկ»-ի կրթական ծրագրերի ղեկավար Թամարա Նիկողոսյանը:
Նրա խոսքով` քոլեջում ազգային ուսուցում է իրականացվում: «Կարևորում ենք այն, որ երեխաները մոտ լինեն իրենց ազգային ակունքներին, ստանան հայեցի դաստիարակություն: Կենտրոնում նրանք հաղորդակից են դառնում հայկական ազգային մշակույթին, հայկական կիրառական արվեստին, անցնում են նախապատրաստական դասեր: Կարող ենք ասել, որ նրանք գրեթե պատրաստ գնում են դպրոց»,-ներկայացրեց Նիկողոսյանն ու շեշտեց, որ իրենք առաջնորդվում են «Կրթության հիմքերը դրվում են մանկուց» կարգախոսով:
Նիկողոսյանը հավելեց, որ կենտրոնի սաների մտահորիզոնն ընդլայնելու, նրանց երկրի մշակութային կյանքի անմիջական մասը դարձնելու նպատակով հաճախ են միջոցառումներ անցկացնում տարբեր թանգարաններում և մշակութային այլ հաստատություններում:
Կենտրոնի սան և համերգի մասնակից Սվետլանան ասաց, որ շատ է սիրում Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները, բայց այս անգամ կիթառով նվագելու է «Գարուն ա» գործը, որը շատ գեղեցիկ է: