Հանդիսատեսը կարոտել էր Սերգեյ Սմբատյանին, Սերգեյը՝ բեմը

Հանդիսատեսը կարոտել էր Սերգեյ Սմբատյանին, Սերգեյը՝ բեմը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

« ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԿԱՐՈՏԵԼ ԷՐ ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅԸ՝ ԲԵՄԸ կամ, թե ինչպես էին բացվում նրա վիրավոր թևերը․․․

Արամ Խաչատրյան համերգասրահում լույս կար․․․

Երկար և ցավոտ բացակայությունից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ Սերգեյ Սմբատյանն էր։ Դահլիճը երկար և ոտնկայս ծափահարություններով դիմավորեց նրան։

Ծափերի մեջ ամեն մեկն ապրումի ու մտածումի իր բաժինն էր դրել։ Ծափերը բառեր էին, չասվող, բայց այնքան հասկանալի բառեր․․․

Հետո հորդաց խաչատրյանական ազնվական, վեհացնող երաժշտությունը, ու էլի, դահլիճում ամեն մեկն իր մտածումն ուներ։

Խաչատրյանը մենք ենք՝ չպարտվող, հպարտ, աշխարհի հետ քայլող, անժամանցելի մենք, մտածում եմ ես․․․ բայց ինչպե՞ս այսքան փոքրացանք, մտքով աղճատված, վարքով՝ նողկալի․․․

Մենք միայն Խաչատրյանը չենք, մենք Սարոյանն ենք, Սարյանը, Համբարձումյանը, Թամանյանը․․․բայց ինչպե՞ս այսքան փոքրացանք․․․

Երկրում տեսակի կռիվ է, երկիրը պայքարի ու գոյատևելու համատարած դաշտ է դարձել, դժվարացել է շնչելը, ուղիղ մեջքով քայլելը, ջուր խմելն ու մանավանդ ուտելը․․․

Կուշտ մարդիկ շատ են, բայց սով է՝ արժեքների, բարոյականության ու տեսակի սով։

Թանձր մղձավանջի մեջ լույի աղբյուր ես փնտրում, որ գտնես քո իսկական տեսակը, որ չխելագարվես չդադարող քաոսի տարափից, որ փաստես, որ մենակ չես։

Դահլիճում նաև թթվածին կար ու շատ սիրուն մարդիկ։ Նկատել ե՞ք դավաճանները տգեղ են լինում․․․Հիմա նրանք շատ են, անթաքույց ու անդիմակ․․․

Արամ Խաչատրյան դահլիճում լույս կար․ Սերգեյ Սմբատյանը երկու ժամ լույս էր տարածում, բարձր արվեստի լույսը, ու դահլիճը հաստատ նորոգում էր իր վերքերը ու մտածում՝ մենք Խաչատրյանն ենք, Սարոյանը, Համբարձումյանը, Թամանյանը․․․ձեզ չի հաջողվի կտրել մեր թևերը։

Սերգեյը խոնարհ էր, համեստ ու լուռ․․․ հանդիսատեսը կարոտել էր Սերգեյ Սմբատյանին, Սերգեյը՝ բեմը, ու ես տեսնում էի, թե ինչպես էին բացվում նրա վիրավոր թևերը․․․»