Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ինչպես նաև վերջինիս կողմից ձևավորված «Արդարության միացյալ նախաձեռնություն» բազմէթնիկ միավորման հետևողական ջանքերի արդյունքում՝ մայիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։ Այդպիսով Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգներից հետո ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Համապատասխան օրինագիծը նահանգային խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել խորհրդարանական Լառա Ալեքսանդրի կողմից՝ արժանանալով խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների մեծ աջակցությանը՝ տարբեր քաղաքական խմբերից ու կուսակցություններից։

Ներկայացված բանաձևի միաձայն ընունմանը ներկա են եղել տեղի հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայ դատի Սիդնեյի գրասենյակի ներկայացուցիչները։

Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի տնօրեն Միքայել Քոլոքոսյանը նկատել է․ «Ողջունելի է այս պատմական բանաձևի ընդունոմը, մենք շնորհակալ ենք նախաձեռնության կողմնակիցներին և բոլոր նրանց ովքեր աշխատում էին կուլիսներում ու ողջ խորհրդարանին, որ պաշտպանեց այս բանաձևը։ Այս բանաձևի իմաստը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելն է, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը»։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շարունակում է աշխատել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու և առհասարակ հայության շահերի պաշտպանության ուղղությամբ։