Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը պետք է ձեւավորի։ Մենք գրել էինք, որ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրը դիմում է գրել ու աշխատանքից ազատվել աշխատակազմի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանը։

Տեղեկացանք, որ դիմում է գրել նաև քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք։ ՄԻՊ աշխատակազմից հեռացել է նաև մամուլի խոսնակ Ամալյա Մարգարյանը, նրա փոխարեն նշանակվել է Արթուր Ասլանյանը։ Մանասյանը բոլոր հայեցողական պաշտոն զբաղեցնողներին ասել է, որ աշխատանքից դուրս գան, քանի որ ինքն այդ պաշտոններում իր մարդկանց պիտի նշանակի։ Դիմում է գրել նաեւ ՄԻՊ խորհրդական Լիլիթ Սեֆիլյանը։

Մանասյանը նույնիսկ ՄԻՊ գրասենյակի վարորդին է աշխատանքից ազատել, որն այդ աշխատանքին էր դեռևս Արման Թաթոյանի ժամանակվանից։ Նորընտիր պաշտպանն ասել է, որ ինքն իր վարորդն ունի։ ՄԻՊ աշխատակազմից հաստատեցին մեր տեղեկությունները։ Հարցին, թե Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելուց հետո քանի՞ հոգի է ազատվել աշխատանքից, գրասենյակից պատասխանեցին․

«Ապրիլի 12-ից մինչև այսօր աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Պաշտպանի 3 օգնական, մեկ խորհրդական և դեպարտամենտի մեկ ղեկավար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում