Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը խախտումներով շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը խախտումներով շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում

«Հետք»-ը գրում է. «Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։ 

Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։

Ի դեպ, «Ման գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը 100% բաժնեմաս ունի նաև «Փարիզ հոթել» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունն է շահագործում Երևանի Կենտրոնում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Փարիզ» հյուրանոցը (Ամիրյան 4/6 11)։ Արթուր Հարությունյանը փոխկապակցված է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանի հետ։

«Փարիզ» հյուրանոցն ու հարևան շենքերը կառուցել է «Գրիար» ՓԲ ընկերությունը, որը պատկանում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանին (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն)։ Ամիրյան 4/6 հասցեի շենքի տարածքների մի մասը սեփականության իրավունքով պատկանում է Գրիգորի Հարությունյանին և նրա մերձավորներին։

«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը Երևանի ավագանու անդամ է ընտրվել 2018 թ.-ին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Դաշինքը ձևավորվել էր «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից։ Վահե Օհանջանյանը «Առաքելություն» կուսակցության ցուցակով է ընդրգրկվել դաշինքի համամասնական ցուցակում։ Հիշեցնենք, որ Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս «Առաքելություն» կուսակցության քվոտայով է 2018 թ.-ին ընտրվել Երևանի ավագանու անդամ»։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։