Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը

Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավ-բացակայության արգելքը կալանավորմամբ փոխարինեու մասին դատախազի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Էրիկ Ալեքսանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատախազը պահանջում էր երեք ամսով կալանավորել Էրիկ Ալեքսանյանին՝ նշելով, թե փաստաբանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև՝ դիմել փախուստի՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ փաստաբանը բազմիցս բացակայել է երկրից և Ուկրաինայի քաղաքացի է, ունի կապեր նաև Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։