Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրից հեռացած վարորդը կալանավորվել է. նա եղել է ոչ սթափ

Հունվարի 23-ին Երեւանում հետիոտնին մահվան ելքով վրաեթրի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած 29-ամյա տղամարդը մեկ ամսով կալանավորվել է: Նման որոշում է կայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի նստավայրում հունվարի 26-ին:
Shamshayn.com-ի հաղորդմամբ, դատավոր Աննա Դանիբեկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Արմեն Հ-ն, ով կասկածվում է հունվարի 23-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու մեջ, 1 ամսով կալանավորվել է։
Վերջինս դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։