Ազատ գյուղի զորամասում հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպայական կազմի վերաբերյալ. Դեպքից 5 օր անց մեղադրյալներ չկան

Ազատ գյուղի զորամասում հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպայական կազմի վերաբերյալ. Դեպքից 5 օր անց մեղադրյալներ չկան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում, այս դրվագով ևս որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Այս վարույթը նախաձեռնվել է զորամասում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները պահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշեցին Քննչական կոմիտեից։

Ինչ վերաբերում է վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննություններին, ապա նշանակված՝ դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Հրդեհի պատճառները պարզելու համար այլ փորձաքննություններ դեռևս չեն նշանակվել, ՔԿ-ից պատճառաբանում են, որ անհրաժեշտ գործողություններ կան արվելու, որից հետո կլուծվի նաև այլ բնույթի փորձաքննություններ նշանակելու հարցը։ Իսկ թե արդյո՞ք արդեն հարցաքննվել են հրդեհից հետո պաշտոններից ազատված անձինք, ինչպես նաեւ դասակի հրամանատարը, որը հրապարակավ թյուրիմաց էր որակել կառավարության նիստի ընթացքում հայտարարված վարկածը, ՔԿ-ից չմանրամասնեցին՝ նշելով, որ հարցաքննված անձանց շրջանակ չեն հայտնում։ Քրեական վարույթի շրջանակներում չեն հարցաքննվել նաև հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և հրաշքով ողջ մնացած երեք զինծառայողները, որոնցից երկուսը գտնվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ այրվածքներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակում մեծ փոփոխություններ չկան, բայց փոքր դրական դինամիկա կա։Ըստ նրա՝ ամեն վիրակապությունից հետո իրենց ցավազրկում ու քնեցնում են զինվորներին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, եւս 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Հունվարի 20-ին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել ավտոբենզինի միջոցով վառարանը միացնելու հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը, ինչը հետագայում արտացոլվել է նաև ՔԿ տարածած հաղորդագրությամբ։ Դասակի հրամանատարը, սակայն, թյուրիմաց է գնահատել նշված վարկածը՝ նշելով, որ հունվարի 18-ի երեկոյան ինքը կացարանում բենզին չի տեսել, մեկ այլ զինվորական հայտնել է, որ վառարանը միացնում են առավոտյան ու բացառել գիշերվա կեսին, երբ արդեն քնում են, առավել եւս բենզինով թեժացնելը։