«Իրավունք»․ Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ

«Իրավունք»․ Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ

«Իրավունք» թերթը գրում է. «Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փոքր ինչ բարելավվել է նրանցից ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանի վիճակը, նա միացված է շնչառական սարքին: Քննչական կոմիտեից փոխանցում են՝ հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, քննությունը շարունակվում է:

 

Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ գլխատել մի ողջ բանակային կորպուս, ինչքանո՞վ է պաշտոնական վարկածը իրատեսական՝ հաշվի առնելով դեպքից հետո համացանց սպրդված կադրերը եւ սպայական կազմի հակասական ցուցմունքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, ով նախ նկատեց. 

 

«Նախ, վարկած ի սկզբանե առաջ քաշելն իրավաբանության, կրիմինալոգիայի տարրական կանոնները իմացողի համար արդեն իսկ զավեշտալի է դառնում: Բոլորին ուսանողը տարիներից սովորեցնում են, որ կատարված հանցագործությունների դեպքում՝ մեկ վարկած չէ, որ պետք է առաջ քաշել: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, իսկ հետաքննությունը եւ նախաքննությունը սկսվում են առավել ծանր դեպք նախատեսող վարկածներից: Առավելեւս այս պարագայում, երբ երկիրը գտնվում է տոտալ օկուպացման մեջ, երբ թշնամին այդ նույն զորամաս կոչված գոմից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում, երբ ամեն օր թիրախավորվում են բնակիչներն ու տեխնիկան, առաջ քաշել ընդամենը մեկ վարկած եւ բեմականացված կառավարության նիստ իրականացնել այդ վարկածը հանրությանը հրամցնելու համար` ոչ միայն զավեշտալի է, այլ հանացագործություն է:

 

Պարոն Համբարձումյան, ականատես լինելով դեպքին հաջորդող իրականությանը, ի՞նչ վարկածներ առաջ 

կքաշեիք Դուք, եթե ինքներդ վարեիք այս գործի քննությունը:

Առաջին վարկածը, որ դա թշնամու կողմից իրականացված դիվերսիոն, ահաբեկչական ակտ էր, որովհետեւ, այսպես ասած, քթների տակ գտնվում է թշնամին: Բայց ինչ արեց կառավարության ղեկավար կոչվածը: Նա հայտարարեց վարկած, որով տպավորություն էր ստեղծվում, որ հովանավորում, քողարկում էր թշնամուն եւ փոխարենը սահմռկեցուցիչ դեպքը վերագրում էր զոհված տղաներին, թե իրենք են, փաստորեն, իրենց գլխին սարքել եւ արդյունքում կենդանի այրվել: Չի կարելի երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հայտարարել պաշտոնական վարկած` ուղղորդելով քննչական մարմիններին, իսկ այն, ինչ մենք տեսանք, դասական ուղղորդման դեպք էր:

 

Պարոն Համբարձումյան, առանց պատշաճ քննության բարձրագույն զինվորականությանը ժամեր անց 

պաշտոններից ազատելը որքանո՞վ է իրավաչափ:

Նախ փաստեմ, որ այդ «բարդակ» իրավիճակը, այդ գոմը, որպես զորանոց օգտագործելը, արդեն իսկ հանցագործություն է: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ որեւէ շարքային զինծառայողի անփութության հետեւանք էր, ինչո՞ւ պետք է գլխատվեր մի ամբողջ բանակային կորպուս: Եթե բանակային կորպուսի հրամանատարին հանում եք մեղավոր, բա Դուք մեղավոր չե՞ք` գոմը զորանոցի վերածելու համար: Բա բյուջեով նախատեսված 350 միլիարդի կեսը, որ չեք իրացրել, ինչի՞ համար էիք պահում:

 

Հ.Գ. Նշենք նաեւ, որ դեպքի հետ կապված մնում են բազմաթիվ հարցականներ, որոնց կանդրադառնանք վաղվա մեր համարում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։