Երկիրը ճգնաժամի հասցրած իշխանությունն օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին լուրերով․ Վարդանյան

Երկիրը ճգնաժամի հասցրած իշխանությունն օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին լուրերով․ Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․

Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք:

Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում:

Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է: