Կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություն կուտակել․ 168․am

Կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություն կուտակել․ 168․am

168․am-ը գրում է․ Այսօրվա պետական պաշտոնյաները, երբ նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության բոլոր խմբերի միջև։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ խաբեություն էր. քաղաքացին էլի մնաց դատարկ գրպանով, իսկ փողոցից իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություններ կուտակել, թանկարժեք բնակարանների ու մեքենաների տեր դարձան, կարող են իրենց մեծ ճոխություններ թույլ տալ, պետության փողերը ծախսում են, ինչպես ուզում են, մաս-մաս են անում իրենց ու յուրայինների մեջ։ Այդ նույն ժամանակ հասարակությունը շարունակում է աղքատանալ։

 

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել, որ աղքատության պատկերը մեր երկրում հիմա ավելի վատն է, քան մինչև այս մարդկանց իշխանության գալը։

Առաջիկայում ավելի վատ կլինի, որովհետև շատերի համար տնտեսական աճի արդյունքները շարունակում են անհասանելի լինել։ Դրան նպաստում է նաև իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունը, եկամուտների անհամաչափ բաշխումը։

 

Չնայած սոցիալական բևեռացման խորացմանը, իշխանությունները նախապատվություն տալիս են ոչ թե հասարակության աղքատ խմբերի, այլ իրենց եկամուտների արագ ավելացմանը։

Պարզ չէ՞, որ այսպիսի անհամաչափ բարձրացումները խորացնելու են հասարակության բևեռացումը։ Հատկապես որ, դա արվում է այսպիսի բարձր գնաճի պայմաններում։

Սոցիալական հատվածի եկամուտներն ավելացնում են մի քանի հազար դրամով, այն պարագայում, երբ գնաճի իրական ազդեցությունը դրանից անգամներով ավելին է։

Խոսքը դեռ նախկինից եկած գնաճի մասին է, որն իշխանություններն այդպես էլ նպատակահարմար չհամարեցին փոխհատուցել՝ սոցիալական վճարները գոնե ինդեքսավորելու միջոցով։

 

Բայց գնաճի ազդեցությունը չի սահմանափակվելու միայն նախորդ տարիներով։ Այս տարի էլ այն պահպանվելու է։ Ու այդ մարդիկ շարունակելու են աղքատանալ։ Սոցիալական այն չնչին բարձրացումները, որոնք արվել են, հենց տարվա սկզբից չեզոքանալու են բարձր գնաճի հետևանքով։ Այդ պայմաններում գոնե տարեսկզբից բարձրացնեին կենսաթոշակներն ու նպաստները, որոշել են դա անել տարվա երկրորդ կեսից։

Իրենց աշխատավարձերը, որոնք ավելանում են հարյուր հազարներով, բարձրացնում են հունվարի 1-ից, իսկ թոշակներն ու նպաստները՝ հուլիսի 1-ից։ Այստեղ էլ որոշել են «խնայողություններ» անել հասարակության ամենաաղքատ հատվածի հաշվին, ինչ է թե չտուժեն իրենց աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները։

 

Այսպես են բաշխում տնտեսության աճի արդյունքները. իրենց մի քանի տասնյակ անգամ ավելի շատ, քան նրանց, ովքեր այդ գումարների առավել մեծ կարիքն ունեն։ Բայց սա այն է, ինչ դրված է իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության հիմքում։

 

Գումարների պակասից են խոսում, այնինչ՝ կարող են իրենց ցանկացած ճոխություն թույլ տալ։ Հասարակության աչքին թոզ փչելու համար, իբր կրճատեցին պարգևավճարները, իրականում ոչինչ էլ չկրճատեցին, մի բան էլ աշխատավարձերը ավելացրեցին և, ինչպես միշտ, շատին՝ շատ, քչին՝ քիչ սկզբունքով։ Ինչի վրա ասես փող են ծախսում, երբ կան շատ ավելի առաջնային խնդիրներ։ Ու ոչ միայն սոցիալական հատվածում։

 

Հասարակության բազմաթիվ շերտերի համար այդ չնչին ավելացումները որևէ հարց չեն լուծելու։

Կրկին սպասվում են թանկացումներ մի շարք ապրանքային շուկաներում։ Դրանք լինելու են իշխանությունների արած այն օրենսդրական փոփոխությունների հետևանքը, որոնք հետևողականորեն բերում են որոշ ապրանքների ամենամյա թանկացումներին։

 

Տարեսկզբից, նախորդ տարիների նման, ավտոմատ կավելանա ենթաակցիզային ապրանքների հարկային բեռը, երբեմն բավական կտրուկ՝ խմիչքներ, ծխախոտ, վառելիք և այլն։

Ասենք՝ օղու ակցիզային հարկը 1 լիտրի հաշվով 2640 դրամից կդառնա 3430 դրամ։ Կբարձրանա 790 դրամով կամ գրեթե 30 տոկոսը։ Ծխախոտի 1000 հատի ակցիզային հարկը 12,7 հազար դրամից կդառնա 14,6 հազար դրամ։

Սրանք ոչ ներքին տնտեսությունից, և ոչ էլ դրսից թելադրված գնաճներ են. դրանք պարտադրված են իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությամբ։

 

Բայց թանկացումները, բնականաբար, միայն այդքանով չեն ավարտվելու։ Դրանք կլինեն ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Գնաճային ճնշումները կարող են ավելանալ հատկապես ազգային արժույթի թուլացման հետ կապված։ Հայտնի է, որ դրամն ամրապնդվել է ոչ թե մեր տնտեսության զարգացումների, այլ դրսից եկած մեծ քանակությամբ տարադրամի հետևանքով։ Ու եթե այս տարի դադարեն կամ նվազեն այդ հոսքերը, ապա դրամը նույն հաջողությամբ կսկսի թուլանալ։

Թե ինչ ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը գնաճի վրա, սպառողները լավ գիտեն։ Մեկ անգամ չէ, որ բախվել են նման իրավիճակների։ Մինչ ամրապնդումը սովորաբար գների նվազման չի հանգեցնում, թուլացումը շատ արագ արտահայտվում է գների բարձրացման տեսքով։

 

Որ փոխարժեքներից թելադրված գնաճը կարող է այս տարի ակտիվանալ, հավանականությունը բավական բարձր է։ Ու այդ պարագայում էլ ավելի արագ կչեզոքանան այն չնչին հավելումները, որոնցով իշխանությունները կերակրում են հասարակությանը։

Պետական միջոցների հաշվին իրենց աշխատավարձերը հարյուր հազարներով են ավելացնում, իսկ սոցիալական անապահով հատվածինը՝ մի քանի հազար դրամով։

Մարդկանց աչքին թոզ փչելու համար 3 հազարով ավելացրին թոշակներն ու նպաստները, իսկ իրենց աշխատավարձերը՝ անգամներով ավելի շատ։

 

Հունվարի 1-ից հանրապետության նախագահի աշխատավարձը կբարձրանա 341 հազար դրամով, վարչապետինը՝ 324 հազարով, Ազգային ժողովի նախագահինը՝ 307 հազարով։ Նախարարի աշխատավարձը կավելանա գրեթե 205 հազարով, պատգամավորինը՝ 171 հազարով։ Ու սա՝ դեռ առանց հայտնի պարգևավճարների ու հավելավճարների։

 

Կլինեն պաշտոնյաներ, որոնք մինչև 2 միլիոն, գուցե նաև ավելի շատ աշխատավարձ ու պարգևավճար կստանան։

 

Կաճեն նաև մյուս և հատկապես՝ բարձր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերը։ Մի քանի տասնյակ անգամ ավելի, քան թոշակի ու նպաստի այն 3 հազար դրամ ավելացումը կամ նվազագույն աշխատավարձի այն 7 հազար դրամ բարձրացումը, որը մեծ լավություն են համարում սոցիալական անապահով հատվածի համար։