«Կա այլ տարբերակ՝ շատ պարզ հեռախոսազանգ Հայաստանից որոշակի աշխարհի կենտրոններ, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ էլ չլինի նավթային գերտերություն». Արամ Օրբելյան (տեսանյութ)․ 168.am

«Կա այլ տարբերակ՝ շատ պարզ հեռախոսազանգ Հայաստանից որոշակի աշխարհի կենտրոններ, որ Ադրբեջանը, հնարավոր է՝ էլ չլինի նավթային գերտերություն». Արամ Օրբելյան (տեսանյութ)․ 168.am
 

«Այն, թե որքան անկոտրում կլինի Արցախը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի ՀՀ կառավարությունը, հայ ժողովուրդը, Սփյուռքը: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ սեղմ ժամկետներում մարդիկ չեն դիմացել, տեսել ենք նաև, որ, հեռու չգնանք, Լենինգրադի բլոկադային մարդիկ դիմացան տարիներով»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելուն ուղղված մի քանի քայլ կա, որոնք արժե դիտարկել:

«Առաջինն այն է, որ կարող է Լաչինի միջանցքում տեղադրվել մաքսակետ: Եթե ուզում եք ստուգել Արցախ մտնող բեռները, ստուգեք… Ընդունեք, որ Արցախն անկախ պետություն է, մաքսային տարածք է, ու ստուգեք: Ես չեմ ասում, որ սա իդեալական տարբերակ է, որովհետև բոլոր իրավական հիմքերը կան պնդելու, որ Բերձորն ու նրա հարակից տարածքները Հայաստանի կամ Արցախի տարածքներ են, բայց ակնհայտորեն Ադրբեջանը չի համաձայնելու մաքսակետ տեղադրելուն»,- ասաց Արամ Օրբելյանը:

Երկրորդ տարբերակը, ըստ բանախոսի, օդային եղանակով մատակարարումների ապահովումն է դեպի Արցախ:

«Խոսքը չի գնում միայն օդանավակայանների մասին: Կան նաև ուղղաթիռային և, որքան էլ տարօրինակ հնչի, դրոնների միջոցով որոշակի եղանակով փոխադրումները: Իհարկե, Ադրբեջանը կասի՝ սա իմ տարածքն է, կփորձի հումանիտար նպատակով թռչող օբյեկտները խփել, գցել, դա արդեն քննարկման այլ առարկա է: Որևէ խնդիր չեմ տեսնում, որ հումանիտար միջազգային կազմակերպության որևէ ինքնաթիռ սնունդ բերի, իջեցնի Ստեփանակերտում: Չեմ կարծում՝ Ադրբեջանն ունենա այնքան համարձակություն, որ ոչնչացնի, օրինակ, Կարմիր խաչի հումանիտար ինքնաթիռը կամ այլ նշանով, դրոշով ինքնաթիռ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ այս եղանակով կարելի է իրականացնել նաև ընտանիքների վերամիավորումը:

Նրա խոսքով՝ այս սցենարի դեպքում Ադրբեջանի իրականացրած ճանապարհի փակումն ուղղակի կիմաստազրկվի, և Ադրբեջանը կհայտնվի ինքն իր ծուղակում, ստիպված պիտի լինի փակել ակցիան, ինչի հետևանքով կտուժի:

«Բացի դրանից, բլոկադան պետք է դիտարկել ագրեսիայի լույսի ներքո, ինչի արդյունքում կատարվող գործողությունները միջազգային քրեական իրավունքի տիրույթում են»,- ասաց Արամ Օրբելյանը:

Վերջինս նկատում է՝ մենք չենք կարող շարունակ վախենալ Ադրբեջանի դեմ արգումենտ բերել այն տրամաբանությամբ, որ եթե խոսենք Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը կհարձակվի:

«Ադրբեջանը հարձակվելու է, անկախ ամեն ինչից: Նա իր նկրտումները շատ թափանցիկ է արտահայտում: Կոդերով չի խոսում, չի թաքցնում: Ընդ որում, դա անում է շատ բարձրաստիճան անձանց հայտարարություններով»,- ասաց նա:

Միջազգային իրավունքի մասնագետը պնդում է՝ քանի խնդիրը չի լուծվել, Ադրբեջանի հետ պետք է որևէ բանակցություններ չվարվեն, չպետք է արվի որևէ զիջում:

«Հիմա մեր նպատակը պետք է լինի ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի քննարկում, այլ Ադրբեջանին բանակցային գործընթացի ամբողջական ծավալ հետ բերելը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մինչև բանակցող չփոխվի, մենք անընդհատ զիջելու ենք: Ես նաև հիմքեր ունեմ ենթադրելու, որ քաղաքական իշխանության վերնախավում կան թղթով գործակալներ: Նկատի ունեմ ոչ թե հոգով, մտքով, այլ հենց թղթով, որ ռոճիկ են ստանում»,- նշեց Արամ Օրբելյանը:

Նա հիշեցրեց, որ 90-ականներին Լաչինի միջանցքի բլոկադան բացվեց այն ժամանակ, երբ մարդիկ որոշեցին, որ քաղաքական իշխանությունն այլ պետք է լինի:

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա, եթե դրանց արդյունքում, ըստ Արամ Օրբելյանի, բանաձևեր չեն ընդունվում Ադրբեջանի դեմ, ուրեմն ստացված արդյունքը չի կարելի գոհացուցիչ համարել:

«Ցուցարարները կանգնած են Շուշիի տակ: Արցախ գնացող մի քանի ճանապարհներ կան: Ակնհայտորեն պետք է բարձրացվի այն հարցը, որ քանի դեռ Շուշիի ճանապարհին կանգնած են էկո-ցուցարարները, թող նրանք ինչքան ուզում են, անեն իրենց ցույցը, բացեք Քարվաճառի, Հորադիզի կամ մեկ այլ այլընտրանքային ճանապարհ, որ երթևեկությունը չընդհատվի, եթե այդ ակցիան, ինչպես պնդում եք, Ադրբեջանի իշխանությունները չեն կազմակերպել»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ մյուս տարբերակը, ինչպես նշվեց, օդային ճանապարհի բացումն է. թող անեն իրենց ցույցը, բայց օդանավերը պետք է թռչեն:

«Այն մոտեցումները, որ Արցախը կտանք ու լավ կապրենք, չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանը երբեք չի ասել՝ Արցախը հանձնեք, հետո լավ կապրեք: Ընդհակառակը, ասել է՝ սա պիտի տաք, հետո՝ նա: Եթե ինչ-որ մեկի թվում է, թե խաղաղության պայմանագրի ինչ-որ փուլում ադրբեջանական զորքերը Հայաստանից հեռանալու են, չարաչար սխալվում է: Հեռացող զորքերը նման ծավալի ինժեներական աշխատանքներ չեն կատարում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նկատեց՝ այդ տարածքում հիմա ինքն ուղղակիորեն զենքի կիրառումը բացառում է:

«Կա այլ տարբերակ՝ շատ պարզ հեռախոսազանգ որոշակի աշխարհի կենտրոններ (եթե չեմ սխալվում, մենք դեռ ունենք Իսկանդերի հրթիռներ), որ Ադրբեջանը, հնարավոր է՝ էլ չլինի նավթային գերտերություն, և Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է էլ չստանալ այդ նավթը»,- եզրափակեց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: