Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի ուղերձը․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։
Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև․ թշնամական նշանառության տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը։ Արցախաբնակ Մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության՝ դիմագրավելով բազում նեղությունների՝ նաև Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանավորված։ Այսպիսի դժվարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։ Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները, որ տեղիք են տվել հոգևոր, սոցիալական և տնտեսական բազմազան խնդիրների, նույնպես իրենց անմիջական ներգործությունն են ունենում մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա։

Այդուհանդերձ, առ Աստված ապավինությամբ Ամանորի այս երեկո մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմյանց։ Բարեմաղթանքներ՝ աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի ապահովության ու առաջընթաց կյանքի։ Մեր հոգում առավելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, հառնած խնդիրների հաղթահարման և ազգային մեր կյանքի նորոգության։

Սիրելիներ, քրիստոնյայի առաքելությունն է ապրել հույսով և լինել լավատես՝ համոզումով, որ, ինչպես ասում է առաքյալը, «հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5)։ Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի և այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից: Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այս վստահությամբ ապրենք ու գործենք՝ ամրորեն կառչած մեր ինքնությանը, մեր լինելիության անփոխարինելի գրավականներին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը և հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ։ Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրավոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հայրենիք-սփյուռք միասնականությամբ լուսավոր գալիքի երաշխավորման և ազգիս հարատևության։ Ուստի, առաքելական հորդորով «արթու՛ն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք» (Ա Թես. 5. 8-9):

Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։

Ամանորի սեմին միասնաբար հայցենք Ամենակալից, որ նոր տարում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս պահպանի խաղաղ ու ապահով, սիրով միասնական ու շնորհի հայրենաշեն ու ազգաշահ իրագործումներ։ Թող Տերը մեր կյանքում առատացնի հույսը մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ։ Եվ թող Աստծո սերն ու շնորհները այսօր և միշտ ուղեկից լինեն մեզ և ամենքին:

Օրհնյալ, բարի նոր տարի»։