Իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, շնչել, արտաշնչել և ապրել անցյալով, որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Մեկ տարի առաջ ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, ՀՀ քաղաքացին դժգոհեց և մերժեց մեր երկրում եղած աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, անօրինականությունը և հասարակության բևեռացումը, և այս բոլոր հարցերը լուծելու սպասումով ձևավորեց նոր իշխանություն: Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին այսպես սկսեց իր ելույթը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ-ն մաս կազմեց այդ կառավարությանը՝ չնայած բոլոր վերապահումներին, որպեսզի հաջողի համաժողովրդական շարժումը, որպեսզի երկիրն առանց ցնցումների տեղափոխի բնականոն հուն»,- շարունակեց իր խոսքը նա: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Սակայն, ըստ նրա, իշխանությունները չհասկացան և չգնահատեցին դա, կարճ ժամանակ հետո բոլորին բաժանեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների և խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ նշանակեցին ընտրություններ, ձևավորեցին իշխանություն:
«Ինչևէ, անցել է մեկ տարի: Մեր հասարակության սպասելիքները և ակնկալիքները չեն արդարացել: ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու, համերաշխություն ձևավորելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողականությունը կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն, իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, շնչել, արտաշնչել և ապրել անցյալով:
«Որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը դժվար է, պատասխանատու և հանձնառու»,- ասաց նա: