Հայաստանը իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից. ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանը իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից. ԱԳ նախարարի տեղակալ

Քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական արագ վերափոխումների պայմաններում ձևավորվող նոր աշխարհակարգում Հայաստանը և Հնդկաստանն, ավելի քան երբևէ, միմյանց կարիքն ունեն, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր մոդելներ, մշակել ուղիներ ավելի ընդլայնելու համատեղ օրակարգն և համակարգելու գործողությունները բոլոր հնարավոր հարթակներում և ոլորտներում՝ ապահովելով փոխադարձ բարգավաճումը և խաղաղությունը։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք էին նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովի բանախոսները:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի խոսքով՝ Հնդկաստանը միշտ եղել է հայ ժողովրդի մեծագույն բարեկամը, և դրա լավագույն վկայությունն օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունն է տարբեր ոլորտներում:

 

«Այս առումով բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը՝ Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ»,- ասաց Սաղյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր հերթին շեշտեց, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ կապերն ապրել են հաստատուն զարգացում, ներառյալ միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:

 

«Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է: Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր գրանցում է առաջընթաց և նշանակալի ձեռքբերումներ տարբեր ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում»,- ասաց Սաֆարյանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում է ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերն ընդլայնվել ու խորացել են:

«Այս առումով պետք է փաստել, որ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել մեր երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Տեղի են ունեցել բարձրաստիճան այցելություններ և հանդիպումներ: Մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային կառույցներում:  Երկու երկրներում կազմակերպվել են գործարար համաժողովներ, հանդիպումներ, նախաձեռնվել են նոր համատեղ ծրագրեր բազմաթիվ ոլորտներում»- ասաց Սաֆարյանը:

 

Արտաքին գործերի նախարարի տեղակալն հայտնեց, որ վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի և Հնդկաստանի միջև այնպիսի առանցքային ոլորտներում համագործակցության ձևավորման ուղղությամբ, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը և տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային տրանսպորտն ու հաղորդակցությունը, զբոսաշրջությունն ու միջմարդկային փոխանակումները, առևտուրը, գյուղատնտեսությունը ու գիտությունը, առողջապահությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:

 

«Երկու ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը: Հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը հոգատարությամբ պահպանվում է Հնդկաստանի կառավարության ջանքերով, ինչի կապակցությամբ հայտնում ենք մեր երախտագիտությունը Հնդկաստանի Կառավարությանը»,- հավելեց Սաֆարյանը:

 

Դիվանագետի կարծիքով՝ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ տնտեսական հարաբերությունները, առևտուրը, զարգացնելու, ներդրումային հնարավորություններն օգտագործելու, մարդկանց միջև կապերն ակտիվացնելու ուղղությամբ:

«Հայաստանն իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից պաշտպանունակությունը բարձրացնելու և տնտեսությունը զարգացնելու համար: Միջազգային առևտրի և փոխադրումների ուղիների և հնարավորությունների արագ փոփոխման պայմաններում պետք է մտածել դեպի հարավ ներմուծման և արտահանման զարգացման ուղղությամբ: Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք առաջիկայում:

 

Հարկ է նշել, որ պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների մակարդակում տարվող աշխատանքը չի կարող ամբողջովին ապահովել Հնդկաստանի նման երկրի հետ հարաբերությունների կառուցման համար  անհրաժեշտ ինտեսիվությունները և այս առումով, կարծում եմ, որ պետք է աշխատանքներ տանեն նաև մեր հասարակության առավել լայն շրջանակները: Վստահ եմ, որ այսօրվա գիտաժողովի օգնությամբ հնարավոր կլինի իրապես ավելի լավ ճանաչել իրար, ձևավորել մեր փոխադարձ ակնկալիքները»,- եզրափակեց Սաֆարյանը:

 

Գիտաժողովին ելույթ են ունեցել դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, արևելագիտության ոլորտները ներկայացնող բանախոսներ և հետազոտողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հնդկաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ և ուսանողներ:

 

Գիտաժողովը ներառել է չորս թեմատիկ հարթակներ: Առաջինը՝ «Պատմական կապեր, Դարերի երկարատև փոխգործակցություն», որի ընթացքում բանախոսները անդրադարձել են անցյալի փորձի և ընդհանուր արժեքների գործնական նշանակությանը և արտացոլմանը կայուն ներկայի կառուցման և կենսունակ ապագայի ապահովման գործում: Երկրորդը՝ «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային զարգացումների շրջանակներում», որի ընթացքում բանախոսները ներկայացնել են իրենց տեսակետները և մոտեցումներն աշխարհակարգի համակարգային տեղաշարժերի ազդեցության տակ ձևավորող միջազգային հարաբերությունների նոր վեկտորների և հեռանկարների, ինչպես նաև համապատասխան գլոբալ և տարածաշրջանային համագործակցության և գործընկերությունների վերագնահատման և փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Երրորդը՝ «Ճկուն բարեկամություն փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններ», որի ընթացքում բանախոսները անդրադարձել են վերջին տասնամյակի արագ զարգացումների արդյունքում Հայաստանի և Հնդկաստանի առջև ծառացող նոր ռիսկերին և մարտահրավերներին, ինչպես նաև զուգահեռաբար բացվող կայուն և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար նոր հնարավորությունները լավագույնս օգտագործելու խնդիրներին, մասնավորապես նոր հանգամանքներում Հյուսիս-Հարավ բազմաշերտ համագործակցության ընդլայնման և դրա հարատևության հարցին:

 

Չորրորդը՝ «Բազմաչափ երկկողմանի համագործակցության հեռանկարները», որի ընթացքումբանախոսներն ներկայացրել են իրենց գնահատականներն ընթացող երկկողմ համագործակցությանը մշակութային առևտրատնտեսական, անվտանգության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կանդրադառնան համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման հեռանկարներին: