Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի. Արթուր Խաչատրյան

«Եթե դրանք կարևոր հարցեր էին, պետք է երկար ժամանակ տրամադրվի քննարկմանը, եթե հրատապ հարցեր էին, կառավարությունը պետք է շուտ ներկայացներ։ Այսինքն, արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի»։ Անդրադառնալով այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված 5 հարցերի՝ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում քննարկումը 24 ժամվա ռեժիմով կազմակերպելու առաջարկությանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վերջինս հարցի պարզաբանման համար դիմեց որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է այդ ռեժիմով քննարկելու տրամաբանությունը։
«Ես պարզ տրամաբանության վրա եմ հղում կատարում։ Եթե հարցը հրատապ է, ուրեմն պետք է շուտ ներկայացվեր, ոչ թե սպասեիք վերջին օրվան, եթե կարևոր է, բավական ժամանակ տրամադրվի։ Կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում, հրատապությունը՝ շուտ ներկայացում։ Ոչ թե բերվի, ասվի՝ հենց հիմա արեք, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու»,- ասաց պատգամավորը։