Անկախ նրանից, թե Մենենդեսն ինչ է ասում, ԱՄՆ-ի քաղաքականությունը Պետդեպն է որոշում, որը չի համընկնում մեր շահերի հետ․ Ստեփան Դանիելյան

Անկախ նրանից, թե Մենենդեսն ինչ է ասում, ԱՄՆ-ի քաղաքականությունը Պետդեպն է որոշում, որը չի համընկնում մեր շահերի հետ․ Ստեփան Դանիելյան

«Երբ մենք ասում ենք ամերիկյան կողմ, պետք է հասկանանք, թե ինչ ասել է դա։ Եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը լսումներ է կազմակերպել, մենք պետք է հասկանանք, որ նա սենատոր է, նա քաղաքականություն իրականացնող չէ, նա պատասխանատու չէ։ Այո, նա կապված է հայկական կողմի հետ, սենատի ակտիվ անդամներից է եւ այդ լսումները կազմակերպել է, բայց ԱՄՆ-ի քաղաքականությունը կազմակերպում է Սպիտակ տունը, իսկ արտաքին քաղաքականությունը՝ Պետդեպարտամենտր»,- «Փաստինֆո»-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ամերիկացի սենատոր Մենենդեսի կազմակերպած լսումներին եւ դրա ընթացքում հնչած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Մենենդեսը, մասնավորապես, խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի է կիրառելու մասին՝ արձանագրելով, որ այն բերվել է Ուկրաինայից։

Ստեփան Դանիելյանը շեշտադրում է՝ ոչ թե սենատորի հնչեցրած հարցադրումները, այլ նրա հարցերին հնչած պատասխանները։

«Հիմա ես բերում եմ Մենենդեսի հարցերին պատասխանող ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի պատասխանը, որը շատ հստակ է եւ այնտեղ ամեն ինչ ասված է, թե որն է ամերիկյան կողմի քաղաքականությունը։ Տիկին Դոնֆրիդն ասել է հետեւյալը՝ Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին , օգնությունը նախատեսված է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովմանը եւ արդյունքներ է տվել Իրանից եկող սպառնալիքների հակադարձմանը, այդ թվում՝ խաթարել է Հարավային Կովկասով, Իրանով եւ Ռուսաստանով անցնող մաքսանենգ երթուղիները։ Այսինքն, ամերիկյան քաղաքականություն իրականացնող պատասխանատուն շատ հստակ մի քանի միտք է ասել, որ Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, որը Իրանից եկող սպառնալիքն է սահմանին եւ երկրորդ, նա նշում է, որ այդկերպ կարողացել են խաթարել մաքսանենգ ճանապարհները, որոնք Իրանով եւ Ռուսաստանով են անցնում՝ Հարավային Կովկասի միջոցով»։

Քաղաքագետը բացատրեց՝ եւ՛ Իրանը, եւ՛ ՌԴ-ն սանկցիաների տակ են գտնվում, բնականաբար եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին այդ երկրները կարող են օգտագործել սանկցիաներից խուսափելու համար։ Դանիելյանի խոսքով, ամերիկացի պաշտոնյան ասում է, որ իրենք Ադրբեջանով խաթարել են այդ ուղիները։

«Հարցը նրանում է՝ իսկ Հայաստանով խաթարե՞լ են, թե՞՝ ոչ։ Այսինքն, քանի որ Սյունիքը կա եւ Սյունքիը Իրանի հետ սահման ունի, որտեղ ռուս սահմանապահներ կան, ամերիկյան քաղաքականությունն է նաեւ Սյունիքով փակել այդ ուղին։ Դա, ամերիկյան պետական քաղաքականությունն է, որը, ըստ էության մեր շահերին հակառակ է, որովոհետեւ մենք Իրանի հետ սահման ունենք, մոտ ենք ՌԴ-ի հետ, Հայաստանում ռուս սահմանապահներն են կանգնած, երբ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ռազմական սադրանք իրականացնել Սյունիքում, Իրանը զորքերը մոտեցնում են։ Անկախ նրանից, թե Մենենդեսն ինչ է ասում, ԱՄՆ-ի քաղաքականությունը Պետդեպն է որոշում, որտեղ ամեն ինչ ասվել է»-շեշտում է Դանիելյանը։

Քաղաքագետն ավելացրեց, որ լսումների ժամանակ սենատորը հնչեցրել է նաեւ հայ ռազմագերիների, կին զինծառայողների խոշտանգումների խնդիրը, խոսել է առկա տեսանյութերի մասին, բայց այդ ամենին տրված պատասխանը խուսափողական է եղել, մինչդեռ, եթե նման բան ռուսները ուկրաինացիների հետ իրականացնեին, մի վայնասուն էր բարձրանալու, բայց այն չկա , քանի որ այդ ամենը հայերի նկատմամբ է իրականացվել։

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը իր շահերից ելնելով է քաղաքականություն իրականացնում, ինչը հասկանալի է, այստեղ մարդասիրությունն ու մյուս բաները երկրորդական դեր են կատարում, անկախ նրանից, թե որքան հարգված ու ազդեցիկ սենատոր է հարցադրում հնչեցնում։ Դա մենք կարող ենք դիտարկել միայն ներքաղաքական կոնտեքստում, քանի որ ԱՄՆ-ում կան հայ ընտրողներ, Մենենդեսն իր գործն է անում , նա հարցեր է բարձրացնում, համապատասխան իրավիճակ ստեղծում, բայց պաշտոնական քաղաքականությունն այլ տեղ է որոշվում»։

Ստեփան Դանիելյանի խոսքով, այս ամենից պաշտոնական Երեւանը մի պարզ եզրակացություն պետք է անի, որ աշխարհը կառավարվում է երկրների շահերով եւ ԱՄՆ-ն, ըստ էության, անուղղակի պատերազմի մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, իսկ Ադրբեջանն այդ պատերազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ի թշնամի Իրանը՝ մեր դաշնակիցն է, որովհետեւ մեր անվտանգության մի կարեւոր բաղադրիչ հենց Իրանով է պայմանավորված՝ նրա շահերին համընկնում է։ Մնացածը, քաղաքագետի խոսքով, շոու է, ներքին քաղաքականություն, որն իր շահերից ելնելով յուրաքանչյուր սենատոր իրականացնում է։

Նշենք, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոյեմբերի 16-ի լսումների ժամանակ քննարկվել է Արցախում հումանիտար ճգնաժամը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ամենօրյա բռնության սպառնալիքները եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության նպատակահարմարությունը՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։