Ոստիկանական Գվարդիա կձևավորվի

Ոստիկանական Գվարդիա կձևավորվի

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, բացման խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում Ոստիկանական Գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է: Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները:

 

Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները. հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:

 

Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո:

 

Սարգսյանը փաստել է, որ ավելի ընդհանրական՝ Գվարդիայի ձևավորումը և դրա ներքո դիտարկվող Ոստիկանության զորքերի ապառազմականացումը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով:

 

Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների արդյունքում Ոստիկանության զորքերը պետք է իրապես լինեն պատրաստված, գործառույթների ծավալը պետք է լինի հստակ, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությունը՝ անհրաժեշտ ու բավարար: Նա կարևորել է հանդիպմանը նաև Ոստիկանության զորքերի ներգրավումն ու պատրաստակամություն հայտնել աջակցել գործընթացին:

 

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, գույքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել դրանց հաշվառմամբ հստակեցնել Գվարդիայի ձևավորման ճանապարհային քարտեզի առանձին բաղադրիչների դետալացված պատկերն ու առաջ շարժվել: