ՌԴ-ն պետք է որ չհամաձայնի ԼՂ հարցի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան

ՌԴ-ն պետք է որ չհամաձայնի ԼՂ հարցի վաշինգտոնյան տարբերակին. Վազգեն Մանուկյան
 ՀՀ նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը դրական է համարում այն, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արցախի հարցի հետագա քննարկումից։ Այս մասին Մանուկյանն ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։
 
 
«Այսինքն` մնում է այն հին վիճակը` բոլոր բանակցությունների ժամանակ «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքն է եղել։ Նրա անդրադարձը նշանակում է, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցը հետ է դրվում և չի քննարկվում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում այդ հարցի հետագա քննարկումից, ինչը ես դրական եմ համարում»,–ասաց Մանուկյանը։
 
 
 
Հարցին, արդյոք ռուսական կողմը կարող է վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ առաջարկել, Մանուկյանը շեշտեց` դիրքորոշումները պարզ են, և իր կարծիքով Ռուսաստանը պետք է որ չհամաձայնի։
 
 
«Եթե խորանանք ԱՄՆ-ի շահերի և Ռուսաստանի շահերի մեջ, ապա այդ շահերը ճանաչելով պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»,– ընդգծեց նախկին վարչապետը։