Պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ կներդրվի

Պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ կներդրվի

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր:

 

«Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո  կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական  վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով  ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով  պատվովճար ստանալու իրավունք:  Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:

 

Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրի զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում եւ զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայության չծառայած մասը: