«Ես համոզված չեմ դրանում». Փաշինյանը՝ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մասին
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխանցում է news.am-ը։
«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը, սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական․«Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն, անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-ընդգծեց վարչապետը:
Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանին: