«Փաստ». Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը

«Փաստ». Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին: Դե, սա արդեն հիշեցնում է «Կարգին» սկետչերից մեկը, երևի հիշում եք: Գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ դաշտիս 25 տոկոսը փտել է, մի բան արա, փրկեմ, ափսոս է հողը:

 

Դե, պրոֆեսորն ինչ-որ բան է խորհուրդ տալիս, գյուղացին որոշ ժամանակ հետո գալիս է, թե՝ փտումը շարունակվում է, դաշտի կեսն արդեն փտել է: Պրոֆեսորն ուրիշ խորհուրդ է տալիս, իսկ դաշտը շարունակում է փտել, այդպես՝ մի քանի անգամ: Վերջին անգամ գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ ամբողջ դաշտը փտել է, «ինձանից չփոշմանես»: «Ափսոս,-ասում է պրոֆեսորը,- դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունեի»... Հիմա օրվա իշխանություններինն է:

 

Հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, պատերազմում պարտվել են, հազարավոր զոհերի պատճառ են դարձել ու հիմա էլ շարունակում են զոհեր տալ, թշնամին երկրի ինքնիշխան տարածքում է, վտանգված է պետության ինքնիշխանությունը, ամենավտանգավոր կետին ենք հասել, իսկ քպականներն ասում են՝ «դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունենք»: Տեսնես՝ մինչև ե՞րբ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։