Սահմանին մեր զինվորներն ուղղակի հերոսական գործողություններ են իրականացնում․ Սեյրան Օհանյան

Սահմանին մեր զինվորներն ուղղակի հերոսական գործողություններ են իրականացնում․ Սեյրան Օհանյան
Ռազմական դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացնի իշխանությունը` գնահատելով առկա իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
 
 
Ըստ նրա` երկրի ապագայի մասին մտածող իշխանությունները, կառավարությունը պետք է արագ ինչ–որ բան ձեռնարկեն։
 
 
«Իմ անձնական կարծիքն այն է, որ, իհարկե, պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի` առաջնագծում համալրում իրականացնելու ու բանակին թիկունք կանգնելու համար»,– ասաց Օհանյանը։
 
Նախկին նախարարը համոզմունք հայտնեց, որ երբ երկրի սահմաններում լարվածություն է, անընդհատ խոսվում է հակառակորդի գործողությունների մասին, ապա տրամաբանական է, որ երկրի ներսում ևս պետք է լարվածություն լինի։
 
 
«Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքն ու լարված իրավիճակը հավասարաչափ պետք է բաշխված լինեն` սկսած սահմանից, վերջացրած երկրի ղեկավարությունից»,– ասաց Օհանյանը։
 
 
Նա նաև հայտնեց, որ իր տեղեկություններով` սահմանին ՀՀ զինվորները, զինվորականներն ու կամավորականներն ուղղակի հերոսական գործողություններ են իրականացնում, ինչի շնորհիվ, ըստ նրա ունեցած տեղեկությունների, շատ տեղերում իրադրությունը վերահսկում է հայկական բանակը։