«Չենք ուզում ուշացած արդարադատություն». «Ցորի» զորամասի զինծառայողների մահվան գործով նիստերը հետաձգվում են (տեսանյութ)

«Չենք ուզում ուշացած արդարադատություն». «Ցորի» զորամասի զինծառայողների մահվան գործով նիստերը հետաձգվում են (տեսանյութ)



Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 9-ին, կրկին հետաձգվել է «Ցորի» զորամասի 21 հրետանավորների մահվան գործով դատական նիստը։ Գործով ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը արձակուրդ է մեկնել, որի պատճառով էլ նիստը հետաձգելու որոշում է կայացվել։ Զոհվածների հարազատները, որոնց մի մասը եկել էին մարզերից, այդ թվում՝ Արցախից, վրդովված էին, պնդում էին, որ իրենց նկատմամբ պաշտպանն  անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։

NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայող Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինե Ազատյանը, նշեց, որ որ ոչ միայն Գեւորգ Գեւորգյանն է մեղավոր, այլ նաեւ Գենադի Բաղդասարյանը, Ջալալ Հարությունյանը. «Հույս ունեմ, որ բոլորն էլ իրենց պատիժը կստանան։ Եթե ինքը ժամանակին կարողանար նահանջը կազմակերպել, այս ամեն ինչը չէր լինի։ Տեսնում եմ ուշացած արդարադատության վտանգ։ Հետեւողական ենք լինելու՝ անկախ ամեն ինչից։ Իրենք Աստծո դատաստանին են արժանանալու, դրանից չեն փախչելու»։

Ըստ զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանի՝ դատական նիստերը հիմնականում հետաձգվում են գործով ամբաստանյալի պաշտպանի՝ չներկայանալու պատճառով. «Ես դա բնութագրում եմ որպես անհարգալից վերաբերմունք՝ տուժողների իրավահաջորդների հանդեպ։ Նախորդ նիստին երբ որոշվում էր հաջորդ դատական նիստի օրը, չգիտես՝ ինչու պաշտպանը չասաց, որ արձակուրդ է պլանավորում»։

Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը, պատմեց, որ դատական նիստին ներկա գտնվելու նպատակով Արցախից է եկել. «Հրամանատարների սխալ հրամանի պատճառով են զինծառայողները զոհվել։ Միայն Գեւորգ Գեւորգյանին է մեղադրանք առաջադրվել եւ կալանավորելու որոշում կայացվել, Գեւորգն, իհարկե, ունի իր մեղավորությունը, սակայն կան ավելի խոշոր մարդիկ, որոնք ավելի մեծ մեղք ունեն այս հարցում»։

Նշենք, որ Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Ըստ մեղադրանքի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսեւորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գեւորգ Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

21 հրետանավորների մահվան գործի անջատված մասը դատարանում է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Գեւորգ Գեւորգյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։