Դատարանը դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում. Աղվան Հովսեփյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ` միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար

Դատարանը դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում. Աղվան Հովսեփյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ` միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար

Աղվան Հովսեփյանի գործով ուղղորդված որոշումներ են կայացվում։ Այլ դեպքերում, եթե չլիներ Աղվան Հովսեփյանի անձը, քաղաքական պատվերը և անձնական վրեժխնդրության նկատառումները, ապա այս հիվանդությունների, ահազանգերի պայմաններում միանշանակ կփոխվեր խափանման միջոցը, որովհետև ոչ մի պատիժ չի կարող արդարացնել, երբ դա վտանգում է մարդու կյանքը։ Առավել ևս՝ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն հանցագործ չէ, ազգի դավաճան չէ, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ չի մեղադրվում, այլև՝ մարդու, որը այս երկրի համար շատ ավելի բան է արել, քան շատ-շատերը, այս պայմաններում այդ մարդուն նման իրավիճակում դնելը ոչ այլ ինչ է, քան՝ անձնական կամ քաղաքական վրեժխնդրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Մանթաշյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Ընդ որում, Հովսեփյանի մոտ առկա՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մասին պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են՝ ինչպես առաջին, այնպես էլ՝ վերադաս ատյանի դատարաններում, սակայն դատարանները համառորեն հրաժարվում են փոխել Հովսեփյանի խափանման միջոցը։

Պաշտպան Աննա Մանթաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանության կողմը բարձրաձայնում է Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի ծանր լինելու և կալանքի հետ անհամատեղելի լինելու մասին, սակայն բարձրացրած ահազանգերը վարույթն իրականացնող մարմինները՝ ի դեմս դատարանների, տվյալ դեպքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ընդհանրապես քննության առարկա չդարձրեց միջնորդությունը, ականջալուր չեն լինում։ Փաստաբանը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանում ևս ներկայացրել են անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ մասնագիտական եզրակացություններ, համաձայն որոնց՝ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն իսկապես անհամատեղելի են կալանքի հետ, նրա հիվանդությունները բարդացել են և շաքարային դիաբետ 2-րդ աստիճանի ծանր նևրոպատիայով պայմանավորված առաջացել են նոր հիվանդություններ, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել դրանց՝ անտեսելով նաև Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։

«Այս անտարբերությամբ պայմանավորված, փաստորեն, այսօր Աղվան Հովսեփյանի մոտ արձանագրվել է գլյուկոզայի բարձր աստիճան՝ 29 մմոլ/լ, ինչն էլ հանգեցրել է գիտակցության կորստի։ Այդ մասին մենք երեկ բարձրաձայնել ենք դատարանում՝ նշելով, որ կարող է կոմայի հանգեցնել։ Հնարավորություն է եղել կոմայի մեջ ընկնելուց զերծ պահել, բայց չի բացառվում, որ մեկ-երկու ժամ հետո կարող է կրկնվել և արդեն ունենանք անդառնալի հետևանքներ, որ այլևս ոչ մի պարագայում չկարողանանք շտկել»,- նշեց Մանթաշյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն հանգամանքը, որ այս պայմաններում կարող են նման անտարբերության մատնել մարդու կյանքը, ոչ մի նորմալ բանականություն ունեցող մարդու ուղեղում չի կարող սա տեղավորվել, հետևաբար՝ համոզմունք է առկա, որ վրեժխնդրություն է, քաղաքական կամ անձնական հաշվեհարդար։

Դիտարկմանը, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը կարող է ամիսներ տևել, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է սեպտեմբերին, հնարավոր է, որ կրկին միջնորդություն ներկայացվի՝ հրատապ նիստ հրավիրելու մասին՝ պաշտպանը նշեց, որ մեկ անգամ արդեն միջնորդել են, ներկայացրել հիմնավորումներ՝ նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ, սակայն դատարանը՝ ի դեմս Մնացական Մարտիրոսյանի՝ նույնիսկ հարկ չհամարեց քննարկման առարկա դարձնել այն, եւ դա այն դեպքում, որ հանրային մեղադրողներն անգամ չեն առարկել, միջնորդությունից հետո նույնիսկ դատախազը գրություն էր ներկայացրել՝ մասնագետներին հրավիրելու մասին։

«Այսինքն, մեղադրողները, քաջ գիտակցելով, որ մարդու կյանքի հետ գործ ունենք, որը լուրջ վտանգի տակ է, միջնորդել էին, որ մասնագետներ հրավիրվեն, բայց դատարանը, ի դեմս Մարտիրոսյանի, հարկ չհամարեց նույնիսկ միջնորդությունը քննարկելու, մասնագետներին լսելու և փոխելու խափանման միջոցը»,- նշեց Մանթաշյանը՝ համոզմունք հայտնելով, որ Մնացական Մարտիրոսյանը նույն ձևով առանց քննության կթողնի միջնորդությունը, հետևաբար, անիմաստ են համարում այն ներկայացնելը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ պաշտպանության կողմը ձեռքները ծալած չի նստում, բարձրաձայնել են ՄԻՊ-ին, նախաձեռնել են ՄԻԵԴ հայց ներկայացնելու հարցը՝ միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար՝ կալանքի հետ անհամատեղելիության հետ կապված: Այսինքն, հնարավոր և անհնար բոլոր միջոցներն օգտագործվում են, որ այդ անհասկանալի պատնեշը տեղաշարժվի, կարողանան անձի կյանքը փրկել։

Մանթաշյանի խոսքով՝ քարե պատը պետք է որևէ կերպ շարժվի տեղից, այլապես, սա արդարադատություն չէ, իրավական պետություն չէ, ընդամենը՝ վրեժխնդրություն, իսկ իշխանությունները՝ ի դեմս դատական իշխանության՝ անհաղորդ է մնում։

«Դատական իշխանությունն իր կոչումով, իր գոյությամբ, իր սահմանադրական իրավունքներով պետք է արդարադատություն իրականացնի, որը փաստորեն չի իրականացվում, այլ՝ դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում »,- նշեց Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: