Հուլիսի 22-ից ջերմային ալիքն աստիճանաբար նահանջում է. Գագիկ Սուրենյան

Հուլիսի 22-ից ջերմային ալիքն աստիճանաբար նահանջում է. Գագիկ Սուրենյան

Հիմա գտնվում ենք ջերմային ալիքի գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզու անապատներից. ջերմային ալիքի ներթափանցումն սկսվել է հուլիսի 10-ից, իսկ հուլիս 17-ին ջերմային ալիքն ավելի ինտենսիվացավ, ինչի արդյունքում ջերմաստիճանը հանրապետության տարածքում ևս 2-3 աստիճանով բարձրացավ, երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում և Երևանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության  և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

«Բացի այդ, քանի որ  տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, նորմայից բավականին բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը»,- ասաց Սուրենյանը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակում շոգերը Հայաստանում սովորական են դարձել, քանի որ ամեն տարի կրկնվում են։  Սուրենյանի խոսքով, հատկապես շատ բարձր շոգեր են գրանցվել 2017-2018թթ․:

 

«Մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչև կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա:

 

Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 22-25  ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի և արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչև 34-35 աստիճան տաքություն: Տեղումներ հորիզոնում չեն երևում, որովհետև ներխուժած օդը շատ չոր է»,- նշեց Սուրենյանը: