Ո՞ր դեպքերում է արևայրուքը հակացուցված

Ո՞ր դեպքերում է արևայրուքը հակացուցված

Չչարաշահելու դեպքում արևային լոգանքները կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ հագեցնելով օրգանիզմը վիտամին D-ով, սակայն ոմանց համար արևայրուքը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին գրում է «Դոկտոր Պիտեր» պորտալը՝ վկայակոչելով մաշկավեներոլոգ, տրիխոլոգ Տատյանա Սուլիմային։

 

Մասնագետի խոսքով՝ արևայրուքը կտրականապես հակացուցված է օնկոլոգիական հիվանդություններով, գայլախտով ու սրման փուլում գտնվող փսորիազով հիվանդներին, քանի որ նման դեպքերում արևային լոգանքը կարող է էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, արևայրուքն արգելված է նաև գինեկոլոգիական խնդիրներով, մասնավորապես՝ արգանդի մկանուռուցքով (միոմա) կանանց։

 

«Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք բարձրացնում են օրգանիզմի ընկալունակությունն արևի ճառագայթների նկատմամբ։ Դրանց շարքին են դասվում հակաբիոտիկները, զարկերակային ճնշումը կարգավորող դեղերը, հակասնկային դեղամիջոցներն ու յուղեր պարունակող կոսմետիկ միջոցները», - նախազգուշացրել է Սուլիման, փոխանցում է tert.am-ը։