Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին հայկական ֆիլմը՝ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը»

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին հայկական ֆիլմը՝ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը»
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք՝ կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Այս առիթով, թանգարանը 2022թ․ հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ 
 
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ֆիքսաֆիլմի կողմից Համո Բեկնազարով նախագծի շրջանակներում լոնդոնյան “Կինոկլասիկա” հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում, մեկական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ մեկական օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։
 
Նշենք, որ Փարաջանովի կարճամետրաժների ժապավենային տրիպտիխը՝ ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության հանձնվեց Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղը զբաղեցրեց համաշխարհային նշանակության երկու խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (Դովժենկոյի կենտրոն), Վրաստանի (Վրացական ֆիլմ), Ռուսաստանի (Gosfilmofond) գործընկերների հետ, ինչպես նաև Լեհաստանի (Fixafilm), Ֆրանսիայի (Համո Բեկ-Նազարով նախագիծ), Լոնդոնի (Kino Klassika), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։