Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին

Վարդենիսը կաթվածահար է. սպասում են դատարանի վճռին

Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետին դեռ չի վերադարձրել համայնքապետարանի բանալին և կնիքը, ինչի հետևանքով նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը դեկտեմբերի 5-ի ավագանու անդրանիկ նիստից հետո մինչ օրս չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները, իսկ ավագանու աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ դեռևս իրավիճակը նույնն է, Վարդենիսը շարունակում կաթվածահար վիճակում լինել, իսկ իրենք սպասում են դատարանի վճռին.

«Մենք սպասում ենք դատարանի որոշմանը, նոր կորոշենք՝ ինչ ենք անելու: Մեր կողմը դեռ գործողությունների չի դիմում, կարող է դատարանը նորմալ վճիռ կայացնի, այդ ժամանակ արդեն ոստիկանությունը կգա ու մեզ կհանձնի բանալին ու կնիքը»,-ասաց նա և հայտնեց, որ Արամ Մելքոնյանը այդպես էլ որևէ պարազբանում չի տալիս իր արարքի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետին չի վերադարձնում Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը, ինչի հետևանքով ավագանին չի կարողանում անցնել իր բնականոն աշխատանքին, նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները:

ՔՊ-ն դիմել էր դատարան՝ չեղյալ համարելու ավագանու՝ դեկտեմբերի 30-ի անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքապետ էր ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը: