Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի նկատմամբ, այլև տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ․ Ռոբերտ Քոչարյան
Անվտանգության առումով տարին կատարյալ ձախողում եմ գնահատում։․ Այս տարի ոչ մի հարց չի բարելավվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1,5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ: Նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս հատվածում, այլև Նախիջևանի հատվածում դեռևս մինչև պատերազմը: Հիշում եք, որ բավական մեծ տարածքներում ադրբեջանական զորքերն առաջ են անցել: Ամբողջ այդ տարածքն՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքերը մեր կողմից չեն վերհսկվում: Ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի նկատմամբ, այլև տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, մենք այս տարվա ընթացքում կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Ունեցել ենք մոտ 36 զոհ, 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերիներ:
«Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, իինչը փաստ է: 2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին: Այդպես ուղղակի չի լինում։ Սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել և հիմնական բացատրությունը կարող է լինել հետևյալը՝ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ՝ «մեկ սարի համար մենք հո չենք պատերազմելո՞ւ»: Մեր երկիրը սարերից է բաղկացած, դա նույնն է, որ արաբներն ասեն՝ անապատի համար հո չենք պայքարելո՞ւ: Սա նաև ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար: Դու ուղղակի ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել: Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչու ենք մտածում, որ բանակի մայորը կամ պայմանագրային զինծառայողը այլ կերպ պետք է մտածի: Դա բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,-ասաց երկրորդ նախագահը: