Հակված ենք նրան, որ սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է ՝ գերիների հարց գոյություն չունի․ Ասպրամ Կրպեյան
Թեև մենք գիտենք, որ իշխանությունները, մեղմ ասած, անուշադրություն և անգործություն են դրսևորում, բայց ևս մեկ անգամ իրենցից պահանջեցինք, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը իրենց թիմի պաշտոնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ի մոտ հավաքված անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Վերջինս, մասնավորապես, ասաց․
«Մինչ այս պահը ո՛չ հաստատում ունենք, ո՛չ հերքում: Այդ պնդումը և հարցադրումն այսօր ևս մեկ անգամ կհնչեցվի, և պատասխանի բացահայության պարագայում մենք բոլորս հակված ենք արդեն այն դիրքորոշմանը, որ այո՛, սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, իրենք կարծում են, որ գերիների հարց գոյություն չունի»:
Ի լրումն գործընկերոջ խոսքի նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն ասաց. «Սա Ադրբեջանի համար նվեր է: Եթե բոլոր հարթակներում մեր բարձրաձայնած առաջին հարցը սա է, հիմա ադրբեջանական կողմը կարող է ասել՝ դուք ի՞նչ եք մեզնից պահանջում, եթե ձեր բարձրաստիճան ղեկավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կարծում է, որ այդ հարցը գոյություն չունի»:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իր համար գերիներ չկան։