Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելիներ,
Դարեր շարունակ մեր Ազգը հավատարմորեն պահպանել է իր ազգային-հոգևոր ավանդություններն ու ավանդույթները: Եվ այդպես հաղթահարել է ամեն փորձություն և հարատևել իր բնիկ Հայրենիքում:
Մասնավոր հոգածությամբ և նախանձախնդրությամբ պահվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը. հունվար 5-ի Ճրագալույցով սկսվել է տոնախմբվել Սուրբ Ծնունդը:
Ցավով և վրդովմունքով եմ արձանագրում, որ այսօր մեր որոշ երաժշտական հաստատություններ և խմբեր, թերևս տուրք տալով նյութական շահին, շրջանցում են ազգային-հոգևոր ավանդությունը և դեկտեմբեր ամսի երկրորդ կեսին կազմակերպում են Սուրբ Ծննդյան համերգներ...
Հայոց Սուրբ Ծնունդը հունվար 6-ին է, իսկ Սուրբ Ծննդյան տոնական օրերն են հունվար 5-13-ը:
Մի՛ տրվեք օտարամոլությանը, սիրելիներ, ակնածանքով և սրբությամբ պահպանեցեք ձեր Ազգի ավանդությունները:
Օտար ավանդությամբ հարազատ Ազգին շփոթության մատնելով՝ երբեք չեք կարող վայելել ոչ յուրայինի, ոչ էլ առավել ևս օտարի ճշմարիտ հարգանքը, քանի որ հարազատ ինքնության հանդեպ անհավատարմությունը միշտ էլ խոտելի է եղել և արգահատելի ամենքի կողմից: Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին:
Որքա՜ն հոգեշահ և ազգակերտ, որքա՜ն վայելուչ կլիներ, եթե այդ տոնական համերգները կազմակերպվեն հունվար 6-ից սկսյալ՝ տոնական ամեն օրը ցնծալից դարձնելով մեր ազգակիցների ու հավատակիցների համար:
Կսիրեմ հուսալ, որ Դուք, սիրելի երաժիշտ ընկերներ և հարազատներ (որոնցից շատերիդ ճանաչում եմ անձնապես, սիրում և հարգում), տակավին կանդրադառնաք և կսրբագրեք Ձեր սխալմունքը. Քրիստոնյա Հայաստանում անգիտության և նյութապաշտության խավար չպետք է լինի, Քրիստոնյա Հայաստանում Տիրոջ Սուրբ Ծնունդը պետք է տոնվի առաքելադիր կարգի համաձայն»: