Այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում․ նախարար
Այն հանգամանքը, որ այժմ գնաճը բարձր է՝ մտահոգիչ է, մտահոգիչ է նաև այն, որ այդ գնաճը որոշ չափով տուգանում է նաև տնտեսական աճը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նշեց․
«Բարձր գնաճի պայմաններում Կենտրոնական բանկը, որպեսզի կառավարելի լինի, վերջին անգամ եռամսյակային վերանայում իրականացրեց՝ տոկոսադրույքները 0,25 տոկոսով բարձրացնելով։ Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականի վերանայումը։ Կարծում ենք՝ դեռ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անսպասելի չէր, այսինքն՝ մենք գիտեինք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»։