Ո՞րն է Հայաստանում գազի գնի շուրջ կայուն իրավիճակ ունենալու հիմնական գործոնը
Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, և կարծում եմ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք, բայց մենք գլոբալ իմաստով ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված: 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Ջերմակայանը, ցավոք, հիմա չի աշխատում: Բոլոր ներդրումները, որոնք իրականցվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը նախատեսված է 2013 թվականի համաձայնագրով»,- մանրամասնեց Գրիգորյանը: