Հայաստանի իշխանությունները շահարկո՞ւմ են գազի սակագների թեման
Հայաստանի համար սահմանին ռուսական գազի գինը, ամենայն հավանականությամբ, կմնա հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: Այսօր «Գազպրոմ» ընկերության համար իրավիճակն առավել քան բարենպաստ է, ինչը թույլ է տալիս զեղչերը ռազմավարական դաշնակից դարձնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր եվրոպական գազի շուկայում ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի կարող ազդել այն երկրների վրա, որոնք երկարաժամկետ պայմանագրերով ռուսական գազ են գնում: Հայաստանը այդպիսի երկիր է:
«Ընդհանրապես, առանձնացնում են գազի առեւտրի երկու մոդել՝ բորսային եւ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա առեւտուր: Սրանք երկու բացառապես տարբեր մոդելներ են:
Այստեղ կարեւոր է հասկանալ, որ այն հռետորաբանությունը, որն այսօր զարգացվում է հայկական կողմից այն առնչությամբ, թե իբր հնարավոր են որոշակի ռիսկեր այն պատճառով, որ եվրոպական շուկայում գազի շատ բարձր գներ են դիտարկվում, իսկ դա կարող է անդրադառնալ հայկական շուկայի վրա, մանիպուլյացիա է:
Ըստ ամենայնի, իշխանությունները փորձում են որոշակի մարտավարություն կիրառել: Ամենայն հավանականությամբ, «Գազպրոմ»-ը Հայաստանի համար չի բարձրացնի գազի գինը սահմանին (հաշվի առնելով նաեւ հետպատերազմյան ցնցումը), սակայն հայկական կողմը որոշ ժամանակ անց ներքին դիվիդենտներ ստանալու համար բարձրագոչ կհայտարարի, որ Եվրոպայում գազի գների աճի պայմաններում իրենց հաջողվել է սահմանին սակագները պահել»,- ասաց Դավթյանը:
Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հույս հայտնելով, որ հնարավոր կլինի պահել գազի գինը, ընդգծել էր, որ համաշխարհային շուկաներում գազի գների բարձրացումը եւ Հայաստանի համար սահմանին 165 դոլարի չափով ֆիքսված սակագինը որոշակի դժվարություններ է առաջացնում բանակցություններում: