Հայերը տոնելու ոչինչ չունեն, տոնում են թուրքերը․ Սեպտեմբերի 21-ին թուրքը կտոնի իր հաղթանակը, ինչպես զվարճացավ Բաստայի համերգին․ Ալեքս Թովմասյան
Ալեքս Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ ձեզ համար պետք է գնայինք կռվելու, մենք գնացինք։ Երբ ձեզ համար պետք է օրերով սոված մնաինք` մենք մնացինք։ Երբ ձեզ համար պետք էր ծարավից անձրևաջուր խմեինք, մենք` խմեցինք։ Երբ ձեզ համար պիտի անձրևի տակ քնեինք, մենք` քնեցինք Երբ ձեզ համար պետք է օրերով աչք չփակեինք, մենք` չփակեցինք։ Երբ ձեզ համար պետք է նայեինք` ինչպես է ընկերդ մեռնում ձեռքերիդ մեջ, արցունքախեղդ մենք `նայեցինք։ Երբ ձեզ համար պիտի բաքվի բանտերում խոշտանգվեինք, մենք` խոշտանգվեցինք։ Երբ ձեզ համար պետք է կյանքերս տաինք, մենք `տվեցինք... Դիմացա'նք, չվարանեցի'նք, չտրտնջացի'նք զրկանքներից, զսպվեցի'նք...
Երբ մեզ համար պիտի դուք ձեզ զսպեիք` չզսպվեցիք...
Ասում են` բա հարսանիք ինչո՞ւ եք անում: Հարսանիքով զույգավորվում են, որ ազգը շարունակվի, որ մեր փոխարեն նոր առյուծներ ծնվեն։ Ասում են `բա ինչո՞ւ եք կնունքներ անում։ Կնունքին խաչով են կնքում ու օծում այն զավակներին, որոնք պիտի մեր վրեժը լուծեն, մեր բաց թողածը լրացնեն։ Ասում են` բա ինչո՞ւ եք ծնունդներ անում։ Ծնունդը նոր կյանքի սկիզբ է, ծնունդը ապրած ևս մի տարին ճանապարհելն է, էլ չասեմ որ շատերի համար պատերազմից հետ գալն երկրորդ ծնունդ է։
Ի՞նչ ասեմ, կարևորը Բաստան չնեղվի։
Կարևորը դուք չնեղվեք։ Իսկ մենք սովոր ենք նեղության։ Ողջ մնացածներս` նեղ կյանքին, գերիները` նեղ բանտին, զոհվածները` նեղ գերեզմանափոսին։
Հաջորդ խրախճանքը հեռու չէ։ Հայերը տոնելու ոչինչ չունեն։ Պարտված ենք, ունենք զոհեր, ունենք գերիներ, ունենք մասնատվող հայրենիք, ունենք հաշմանդամներ։ Այս ամենի ֆոնին հայերը չունեն ոչ մի բան տոնելու։ Տոնում են թուրքերը։ Սեպտեմբերի 21-ին թուրքը կտոնի իր հաղթանակը, ինչպես զվարճացավ Բաստայի համերգին»։