Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելո՞ւ․ Գեղամ Նազարյան
44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները իրենց զավակների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջում են կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունները:
Զոհված զինծառայողի հայր, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հերոսների հարազատները Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, հայտարարությամբ հանդես եկան, որ «գունագեղ շոուն» չեղարկվի։ Ըստ Նազարյանի՝ համերգային ծրագրերում դրանից հետո փոփոխություններ տեղի ունեցան՝ հրավառությունը, ուրախ հատվածը դուրս մնաց ծրագրից։
«Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի։ Խնդիրը գունագեղ շոուներն են, 2 մլն դոլարից ավելի գումար են ծախսելու այս վիճակում, երբ պատերազմի առաջին տարելիցին վեց օր է մնում, երբ շիրիմները թարմ են, ունենք գերիներ, անհետ կորածներ, այս իրավիճակում նման մեծածավալ շոու կազմակերպելն անհնար է»։
Նազարյանը նշեց, որ ճիշտ կլիներ նման որոշում կայացնելիս խորհրդակցեին ծնողնրի հետ։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ ցավալի է, որ իրենց բողոքներից հետո են համերգային ծրագրում փոփոխություն կատարել։ Մեկ անգամ էլ կրկնեց՝ մեծամասշտաբ, ծախսատար համերգային շոուն չպետք է այս տարի անցկացվի։
«Անկախ նրանից՝ ինչ երաժշտություն է հնչում, նման մասշտաբի միջոցառում անելն ինքնախաբեություն է»։
Կլինեն ծնողներ, որոնք մտածում են, թե պետք է նշել անկախության 30-ամյակը, ուստի հնարավոր է իրենք համաձայնություն են տվել համերգին և ծրագրին, սակայն ծնողների մեծամասնությունը դեմ է։ Նազարյանը կրկնեց, որ կողմ են՝ նշելու հայրենիքի անկախության տոնը, քանի որ հերոսները երկրի համար են իրենց կյանքը տվել, սակայն նման գունագեղություններով ու մասշտաբով համերգներին միանշանակ դեմ են։
«Եթե ծնողների ընդվզումը չլիներ, ի՞նչ, քեֆ ուրախություն էին անելու։ Ասել, որ ձեր տղերքի հիշատակը գունագեղ տոնակատարությամբ ենք նշելու՝ ծանր վիրավորանք է։ Էս ձևով չի կարելի ապրել։ Թող մարդիկ ամուսնանան, շատ երեխաներ ունենան։ Էսօր հերոս տղերքի շատ մամաներ պատրաստվում են երեխա ունենալ, էդ կերպով է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար, ռաբիս սալյուտով»։
Նազարյանը նաև հավելեց, որ դեմ է անկախության օրը քայլերթ իրականացնելուն՝ դեպի Եռաբլուր։