Միակ ելքն այն է, որ իրանական բեռները դատարկվեն Մեղրիում, մենք էլ փոքր մեքենաներով տեղափոխենք ՀՀ այլ հատվածներ. Աղաջանյան․ NEWS.am
Եթե լուրջ գումարներ ծախսվեն, այնպիսի նախագծեր իրագործեն, որ ճանապարհը համապատասխանեցնեն 16-17 մետրանոց բեռնատարների երթեւեկության համար, այո, կարող է լինել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են անելու. Ալպերով էլ են ճանապարհ կառուցել, ամեն տեղ էլ հնարավոր է կառուցել, հարցն այն է, թե որքանով ենք պատրաստ շատ գումար ներդնել ու որակյալ ճանապարհ ունենալ: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի սահմանապահների կողմից «Գորիս-Կապան» միջպետական ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում իրանական բեռնատարների տեղաշարժը խոչընդոտելու պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակին եւ այն հարցին, թե արդյոք հանրապետական նշանակության Տաթեւ-Աղվանի-Կապան ավտոճանապարհը վերակառուցվելու դեպքում կարող է ծառայել իրանական բեռնափոխադրումների իրականացման համար:
Աղաջանյանի խոսքով՝ իսկզբանե «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծով նախատեսված է եղել, որ հենց այդ հատվածներով լրիվ նոր ճանապարհ պետք է կառուցվի՝ երկրի խորքով՝ սահմանային տարածքներից հեռու:
«Պետք է դա արվեր, չարվեց, իսկ հիմա ինչ-որ գործողություններ են փորձում անել: Ուրեմն, պետք է անել, ճար չկա, գումարներ է պետք ծախսել՝ անվտանգ ճանապարհ պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի բեռնափոխադրումները բնականոն իրականացնել: Պատկերացում չունեմ՝ ինչ են ուզում կառուցել, որտեղով է անցնելու ճանապարհը, նախագիծ չեմ տեսել եւ դժվարանում եմ գնահատել՝ որքան գումարի մասին կարող է խոսքել: Հարցը հիմա գումարը չէ, ճանապարհն այսպես թե այնպես պետք է ունենալ, եւ վերջ, դա կենսական նշանակության հարց է»,- նշեց Աղաջանյանը:
Հարցին՝ արդյո՞ք Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհի վերակառուցման ու ընդլայնման դեպքում իրատեսական է, որ հսկայական բեռնատարները կարողանան այդ բարդ ռելիեֆ ունեցող տարածքներով անցնող ճանապարհով անվտանգ ու հարմարավետ բեռնափոխադրումներ իրականացնել, Աղաջանյանը բացասական պատասխան տվեց:
«Միայն ճանապարհի ընդլայնմամբ հնարավոր չէ ունենալ որակապես նոր ճանապարհ, բայց եթե թունելներ, էստակադաներ, կամուրջներ կառուցվեն, հնարավոր է այդ նպատակին հասնել: Հյուսիս-Հարավի շրջանակում մի հսկայական հատված նոր ճանապարհ էր կառուցվելու՝ շրջանցելով գոյություն ունեցողը՝ հնարավորություն տալով կրճատել բեռնափոխադրումների տարածությունը, թե այդ նախագծից ինչ կանեն, ինչ՝ չեն անի, չեմ կարող ասել:
Աղաջանյանի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակից իրատեսական մեկ ելք կա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։