Նախահեղափոխական խոստումների և դրանց իրականացման հետհեղափոխական դինամիկայի միջև անդունդ է գոյացել․ քաղաքագետ
Զավեշտ է, երբ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում թիվ 1 ներկայացուցչական քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանը, վայելում է հասարակության ընդհամենը 20-30-%-ի վստահությունը: Այս մասին են վկայում մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր եղանակներով անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները:
Հիշենք, որ Փաշինյանն իշխանության եկավ խարիզմատիկ լեգիտիմության, այսինքն՝ բացառապես իր անձի շուրջ ձևավորված հեղինակության արդյունքում: Խարիզմատիկ լեգիտիմությունը գուցե և առանցքային նախադրյալ է իշխանության համար պայքարի արդյունավետության հարցում, սակայն բավարար նախադրյալ չէ ինստիտուցիոնալ իշխանավարման համար: Խարիզմատիկ լեգիտիմությունը կրքերի ու հմայագերության վրա կառուցված իրավիճակային դրսևորում է, ուստի նման լեգիտիմության տևականությունը շատ պայմանական է:
Սպասելիքները միշտ ավելին են, քան դրանց կենսագործման հնարավորությունները, իսկ Փաշինյանի պարագայում նախահեղափոխական խոստումների և դրանց իրականացման հետհեղափոխական դինամիկայի միջև այսօր արդեն անդունդ է գոյացել: Հետևաբար Փաշինյանի խարիզմայի շուրջ ձևավորված լեգիտիմության շարունակական անկումը պարադոքսալ է և կանխատեսելի: Ինստիտուցիոնալ արդյունավետության համար անհրաժեշտ է ռացիոնալ-լեգալ լեգիտիմություն: Լեգիտիմության այս ձևի պայմաններում հեղինակության առանցքը անձերից տեղափոխվում է պետական-կառավարման ինստիտուտներ:
Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունը կարևորագույն այս խնդիրը պետք է նախ և առաջ լուծեր: Խորհրդարանը պետք է դառնար լեգիտիմության իրական կրողը, որպեսզի կարողանար իրավական կարգավորման շարունակական կատարելագործմամբ վստահորեն առաջ տանել հասարակական կյանքի առաջընթացի խնդիրը: Բայց դա տեղի չի ունեցել: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ սպասելիքների բավարարման հանրային պահանջին խորհրդարանն ունակ չէ համարժեք արձագանքելու:
Պատճառները շատ են, որոնցից հիմնականներն են, թերևս, իրական հակակշիռ հանդիսացող ընդդիմության բացակայությունը, ինչպես նաև գործադիրի կողմից իշխանական գործառույթների գերկենտրոնացումը, որով ուղղակիորեն անտեսվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ դերի կարևորությունը խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: Կա նաև երրորդ հանգամանքը, երբ հապճեպ կազմակերպված ընտրական գործընթացի ժամանակ Փաշինյանը իր ստվերի տակ առավ «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուներին և հասարակության լայն շերտերին զրկեց «իրենց ընտրյալներին» իրապես ճանաչելու հնարավորությունից: Մարդիկ պարզապես ընտրեցին չպարզաբանված թեկնածուների՝ հավատալով միայն Նիկոլին: Նման պարագայում խոսք չի կարող լինել ինստիտուցիոնալ հեղինակության, խորհրդարանի ռացիոնալ-լեգալ լեգիտիմության մասին:
Այլընտրանք ՀԿ-ն համանախագահ, քաղաքագետ՝ Գարեգին Պետրոսյան