«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխմամբ պայմանավորված իրավիճակը ի առաջացել «Հայփոստ»-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:
«Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:
Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:
Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:
Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»: