Դատական իշխանությունը հաշվետու չէ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը հրաժարվում է պատասխանել քաղաքական բնույթի հարցերին

Խորհրդարանում այսօր շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ երեկ դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի հանգամանքները ներկայացնելուց հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Վարդազարյանն այսօր այդ հարցերին չպատասխանելու որոշմամբ էր եկել ԱԺ:
«Երեկ այս նիստից հետո ես ևս մեկ անգամ ուսումնասիրեցի Դատական օրենգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը: Տեղեկացնում եմ ձեզ, որ դատական իշխանությունը հաշվետու չէ ԱԺ-ին, հետևաբար՝ ես պարտավորություն չունեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի, պատրաստ եմ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են թեկնածուին: Խնդրում եմ չշփոթել, որ սա տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը: Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկելու համար հրավիրել ԲԴԽ»:
Ալեն Սիմոնյանը կոչ է արել չսահմանափակել հարց տալու պատգամավորների իրավունքը: