ԲԴԽ արժանապատիվ որոշման պահը․ Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը»նախաձեռնության անդամ Արման Պետրոսյանը գրում է․
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում քննարկելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, որով դատավորը խնդրում է անհապաղ դադարեցնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։ Տիկին Պետրոսյանը համարում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ անդամ չէ, քանզի նա ընտրվել է օրենքի խախտմամբ։
ԲԴԽ անդամ դառնալուց հետո Գագիկ Ջհանգիրյանը պարապ չի մնում, նա սկսել է դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթացը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ, արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված Վճռաբեկ դատարանի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին ահազանգում է նաև դատավոր Կարինե Պետրոսյանը։
Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում, քաղաքական որոշում էր, որը հակասում էր և կոպտորեն խախտում Դատական օրենսգրքի սահմանադրական հոդվածի 80-րդ հոդվածի 9-րդ մասը։ Դատավոր Կարինե Պետրոսյանը արդարացիորեն կարծում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ չէ, և օր առաջ պետք է նրա լիազորությունները դադարեն։ Եվ քանի որ այդ պարտավորությունը դրված է ԲԴԽ նախագահի վրա, թերևս պայմանավորված նաև այն հանգամանքով, որ վերջնական իրավական կարգավորում չկա՝ արդյոք այդ հարցը պիտի քննարկվի՞ ԲԴԽ-ում, թե՞ ոչ, Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է անհապաղ հայտարարություն տարածվի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ։
Ի վերջո, ԲԴԽ-ում պետք է դրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և արժանապատվություն, զերծ մնան քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, և ապացուցեն, որ առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, խորհրդի հեղինակության մասին մտահոգությամբ։
ԲԴԽ փակ քննարկման արդյունքում ինչպիսի որոշում էլ կայացվի, որոշումը վիճարկելու հնարավորությունները սպառված չեն. պարզապես ԲԴԽ անդամները պետք է գիտակցեն, որ իրենց գործողություններով չպետք է կասկածի տակ դնեն սահմանադրական մարմնի առաքելությունն ու հեղինակությունը։