ԿԲ-ից 15 օր պահանջվեց՝ պատասխանելու «Շուշիից անհետացած փողերի» մասին հարցմանը

Համացանցում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ընթացքում Շուշիից խոշոր դրամական միջոցներ են անհետացել, նշվում է, որ այդ գումարները պահվել են ԿԲ Շուշիի պահուստներում:
Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը, հղում կատարելով @armvoice տելեգրամ ալիքին, ավելի վաղ տեղեկացրել էր, որ «պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Շուշիից կորած փողերի փաստով, ձերբակալել Քյարամյանին ու բացահայտել նրա և Փաշինյանի կապը»:
Նման տեղեկությունները հաճախ կապվում են ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Արգիշտի Քյարամյանի անվան հետ: Թե վերջինս անձամբ է Շուշիից ինկասացիոն մեքենայով դուրս բերել քաղաքում առկա դրամական միջոցները: Ինչը Քյարամյանը հետագայում հերքել է:
Գումարների ճակատագրի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ ԿԲ-ից՝ հունվարի 7-ից պաշտոնական հարցում ուղարկելով տվյալ կառույցին: Մեր հարցումը երկու պարզ հարցից էր բաղկացած՝ թե մինչ պատերազմը որքա՞ն գումար է պահվել Շուշիում գտնվող ԿԲ պահուտտներում, ի՞նչ է եղել այդ գումարի հետ, և թե Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում որքա՞ն գումար է մնացել և ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց:
Կենտրոնական բանկի պատասխանին երկար սպասեցինք՝ սահմանված 5 աշխատանքային օրվա փոխարեն մեզ պատասխանեցին 11 աշխատանքային օրվա ընթացքում՝ հունվարի 22-ին: Իսկ պատասխանը բաղկացած էր ընդամենը երկու նախադասությունից: ԿԲ-ից մեզ հորդորել էին առաջին հարցի առնչությամբ աչքի անցկացնել կառույցի ղեկավար Մարտին Գալստյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որտեղ վերջինս նշել էր, թե կեղծ, անիմաստ լուրեր չի մեկնաբանում, իսկ երկրորդ հարցի կապակցությամբ ուղղորդել էին դիմել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Թեև Կենտրոնական բանկից փորձել էին մեր հարցերին պատասխաններ տալ, այնուամենայնիվ, դրանք անպատասխան են մնացել, քանի որ ԿԲ-ն նույնիսկ տեղեկատվության հերքումը պատշաճ կերպով չի անում, ու Շուշիից անհետացած դրամական միջոցների մասին տարածվող տեղեկությունների վրա դեռևս չի հաջողվում լույս սփռել՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է եղել քաղաքի դրամական միջոցների հետ, և դրանք այժմ ում կողմից են տնօրինվում:
