Հնդկաստանում հրդեհ է բռնկվել AstraZeneca-ի պատվաստանյութն արտադրող ինստիտուտում. կան զոհեր
Հնդկաստանի արևմտյան Պունա քաղաքում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությամբ զբաղվող ինստիտուտի տարածքում: BBC-ի փոխանցմամբ`դեպքի հետևանքով 5 մարդ է մահացել: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:
Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է նոր մասնաշենքերի շինարարության տարածքում և չի ազդի պատվաստանյութերի արտադրության վրա: Ինստիտուտում արտադրվում է Օքսֆորդի համալսարանի և Astra Zeneca ընկերության մշակած համատեղ պատվաստանյութը, որը Հնդկաստանում կրում է Քովիշիլդ անվանումը:
Քովիշիլդը Հնդկաստանի կառավարության կողմից հաստատված 2 պատվաստանյութերից մեկն է: Լրատվամիջոցի փոխանցմամբ` պատվաստումների գործընթացը Հնդկաստանում մեկնարկել է անցյալ շաբաթ և աշխարհում ամենածավալունն է: Հնդկաստանը մտադիր է մինչև օգոստոսի սկիզբ պատվաստել 300 միլիոն մարդու:
Worldometers կայքի տվյալներով` Հնդկաստանում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի 10.5 միլիոնից ավելի դեպք: Այն գտնվում է աշխարհում երկրորդ հորիզոնականում` զիջելով Միացյալ Նահանգներին: