Ծառուկյանը ժամանակին ասում էր, որ սով է լինելու, ժպտում էիք, իսկ հիմա ստիպված է սննդով օգնություն ուղարկել Սյունիք․ Արման Աբովյան
Սյունիքի մարզում 20-30 քաղաքացի փորձեցին ճանապարհը փակել և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ սադրիչ խոսակցություններ ունենալ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Ոչ մի դեպքում չեմ մեղադրում այդ մարդկանց։ Նրանք իրականում մեղավոր չեն, որովհետև մարդկանց կրկին թյուրիմացության մեջ գցեցին, խաբեցին, նրանց մեջ կրկին ատելություն ներարկեցին և այդ ներարկողը, խաբողը հաստատ պատասխան է տալու։ Վրեժ եք լուծում հա՞։ Ո՞ւմից եք վրեժ լուծում, պատգամավորներից, որ մի շաբաթ է Սյունիքի մարզում գյուղերով ու քաղաքներով էին անցնում, հավաքագրում բոլոր խնդիրները, փորձում ելքեր գտնել։ Թե՞ Ծառուկյանից եք վրեժ լուծում։ Ժամանակին ասում էր՝ սով է լինելու, ժպտում էիք, իսկ հիմա Ծառուկյանը ստիպված է սննդով օգնություն ուղարկել Սյունիք։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել։
Ու՞մից եք վրեժ լուծում, շուռնուխցու՞ց, ում գյուղի կեսը թուրքի երախը գնաց, թե՞ որոտանցուց, որ թուրքի պոստը հենց իր գյուղի գլխին է»,-ասաց Արման Աբովյանը։
Պատգամավորը խորհուրդ տվեց իշխանությանը՝ եթե չեն կարողանում աշխատել, թող մի կողմ քաշվեն, որպեսզի աշխատողը կարողանա աշխատել։